ԿԲ նախագահի կարծիքով՝ բանկերի միջեւ կարտելային պայմանավորվածություն չկա

28.07.2020 | 17:59 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԿԲ #Մարտին Գալստյան
ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը չի կարծում, որ բանկերի միջեւ ստվերային պայմանավորվածություն կա վարկերի տոկոսադրույքները համավարակի պայմաններում չնվազեցնելու շուրջ:

 Այս մասին նա ասել է այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

«Մեր գնահատականներով՝ բանկային համակարգը զգալի մրցակցային է, պետք չէ ակնկալել, որ բանկերի միջեւ կա կարտելային պայմանավորվածություն, որպեսզի չվարկավորեն տնտեսությանը կամ վարկավորեն ավելի բարձր տոկոսադրույքով: Կարծում եմ՝ նման բան չկա։ Ինչ վերաբերում է վարկավորման տոկոսադրույքներին, ապա գտնում եմ, որ բանկերի վարքագծի հիմքում ստեղծված անորոշ իրավիճակն է, երբ ոչ ոք չգիտի, թե առողջապահական զարգացումների ինչպիսի հետեւանքներ կլինեն, ինչպիսի տնտեսությունում կհայտնվենք 3-րդ եռամսյակում կամ տարեվերջին:

Բացի այդ, այն տոկոսադրույքի նվազեցումը, որ իրականացրել ենք այս տարվա մարտ, ապրիլ եւ հունիս ամիսներին՝ 1%-ային կետով, եւս նպաստել է, որ տոկոսադրույքները առնվազն չաճեն այն մակարդակի, որ կարող էին լինել»,- ասել է Մարտին Գալստյանը։

ԿԲ նախագահը նաեւ նշել է, որ ստեղծված իրավիճակում որոշակի ռիսկեր կան կուտակված տնտեսության իրական հատվածում, ու բանկերը կարող են ավելի զգուշավոր լինել վարկավորման քաղաքականության մեջ։  

Մարտին Գալստյանը նաեւ անդրադարձել է Կենտրոնական բանկի կողմից վարվող ցածր գնաճի քաղաքականությանը, ասել, որ այն արդարացված է ու բխում է ՀՀ քաղաքացու շահից։




«Այն քաղաքականությունը, որ տարիներ շարունակ իրականացրել ենք, թույլ է տվել կուտակել կապիտալ ու վստահություն մեր համաքաղաքացիների շրջանում։ Կանխատեսումների համաձայն՝ տարեվերջին գնաճը կլինի 1,7-2%-ի շրջանում, որը մեր թիրախի ներքին շեմին մոտ թիվ է»,- նշել է նա։

Մարտին Գալստյանը հավելել է, որ, ԿԲ գնահատականներով, առաջիկայում արտաքին հատվածից Հայաստանի տնտեսության վրա էական գնաճային ճնշումներ չեն լինի։

Խոսելով ֆինանսական համակարգի վրա համավարակի ազդեցության մասին` ԿԲ նախագահը նշել է. «Մարտահրավերները բազում են՝ սկսած բանկերի աշխատակիցների առողջապահական խնդիրներից, որոնք աշխատում են անմիջապես հաճախորդների հետ: Բանկերում վարակվելու դեպքեր եղան։ Բացի այդ, որոշակի ֆինանսական խնդիրներ են եղել, որոնք ուսումնասիրության փուլում են ու հետագայում դրանց մասին կտեղեկացնենք։ Բոլորդ տեղեկացված եք, որ մարտ ամսից սկսած Հայաստանի ֆինանսական համակարգն առաջինն էր, որ ձեռք մեկնեց մասնավոր հատվածին ու 3 ամիս ժամանակով հետաձգեց կամ վերանայեց բոլոր վարկային վճարումները: Կարծում եմ, համատեղ գործելու շնորհիվ լուրջ աշխատանք կատարվեց»,- ասել է Մարտին Գալստյանը։
Դիտում՝ 2284
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW