Վարչապետ. Մարտին Գալստյանի գալով բանկային համակարգում նոր էջ է բացվում
15.06.2020 | 10:00 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ԿԲ

«Մարտին Գալստյանը բանկային համակարգում նոր մարդ չէ եւ արդեն բավական երկար ժամանակ է աշխատում համակարգում: Ուզում եմ հավատալ, որ համակարգի համար Ձեր գալով նոր էջ է բացվում, որը հիմնված կլինի նախկին փորձի վրա եւ կբերի նոր հաջողություններ»,- ասել է վարչապետը:
Նիկոլ Փաշինյանն ասել է, որ վերջին երկու տարում ավելի սերտ է առնչվել ԿԲ-ի հետ եւ կարող է արձանագրել, որ «ԿԲ-ում բավականին լավ թիմ եւ կորիզ է ձեւավորվել, որն աշխատում է մեր բանկային համակարգի կայունության վրա»:
Նրա խոսքով՝ բանկային համակարգը Հայաստանում կայացած ու կայուն է, եւ թե ինչպես դրսեւորեց իրեն բանկային համակարգը մի շարք ճգնաժամային իրավիճակներում, դրա ամենակարեւոր ապացույցն է:
«Տեղի ունեցող այս փոփոխությունն ապահովում է որոշակի ժառանգականություն ԿԲ գործունեության համար, բայց մյուս կողմից խորհրդանշում է առանց կայունության խաթարման փոփոխությունների, բարեփոխումների հետագա զարգացման անհրաժեշտությունը»,- նշել է կառավարության ղեկավարը:
Նիկոլ Փաշինյանը նաեւ ընդգծել է, որ պետք է բանկային համակարգի եւ քաղաքացիների հարաբերությունները դառնան ավելի կառուցողական՝ երկխոսության վրա հիմնված:
Շնորհակալություն հայտնելով ԿԲ-ի արդեն նախկին նախագահ Արթուր Ջավադյանին՝ վարչապետը հայտնել է. «Մենք պարոն Ջավադյանի հետ արդեն իսկ ունենք պայմանավորվածություններ՝ հետագա գործունեության առումով: Նա ներգրավված կլինի տնտեսական քաղաքականության մշակման ու տնտեսական հարցերի վերլուծության գործին: Արդեն կոնկրետ նախագծեր ունենք»:
ԿԲ նախկին եւ ներկա նախագահները շնորհակալություն են հայտնել վարչապետին՝ գնահատանքի համար:
Արթուր Ջավադյանը նշել է, որ «ԿԲ նոր նախագահը, ունենալով բավարար գիտելիքներ ու փորձ, լինելով թիմի անդամ, ունակ կլինի համակարգի առջեւ դրվող խնդիրները կատարել ամենայն հաջողությամբ»:
Մարտին Գալստյանն էլ հավաստիացրել է, որ կատարված աշխատանքը շարունակական է լինելու:
«Խորացնելու ենք համագործակցությունը կառավարության մեր գործընկերների հետ: Բոլոր ջանքերը ներդրվելու են, որպեսզի երկրում պահպանվի մակրոկայունությունը»,- հավելել է նա:
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: