Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան կրկին դիմել է վարչապետին

21.04.2020 | 08:51 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՀԱԱ
Հայաստանի հյուրանոցների ասոցիացիայի (ՀԱԱ) գործադիր տնօրեն Լիլիթ Դանիելյանը բաց նամակով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ առաջարկելով ներել զբոսաշրջային ընկերությունների բոլոր հարկային պարտավորությունները եւ պարտադիր վճարները, որոնք առաջացել են 2020թ. մարտի 1-ից մինչեւ 2021թ. ապրիլի 30-ը ընկած ժամանակահատվածում:

Լիլիթ Դանիելյանը հիշեցրել, որ դեռեւս մարտի 16-ին ՀԱԱ-ն բաց նամակով դիմել էր կառավարությանը՝ հորդորելով շտապ արձագանքել զբոսաշրջության ոլորտում գործող ընկերությունների եւ հատկապես հյուրանոցային տնտեսությունների առջեւ ծառացած խնդիրներին եւ ձեռնարկել անհապաղ քայլեր։ Մասնավորապես, առաջարկ էր արվել հետաձգել հյուրանոցային ոլորտի տնտեսվարող սուբյեկտների հարկային պարտավորությունները։

«Մարտի 16-ից հետո անցել է հարկերի վճարման արդեն երկու վերջնաժամկետ (մարտի 20 եւ ապրիլի 20), սակայն, ցավոք, մենք ոչ միայն չունեցանք տվյալ խնդրի հանգուցալուծում, այլ անգամ պաշտոնական մերժում չստացանք կառավարությունից։

ՀՀ Կառավարությունը իր կողմից տրամադրվող օգնությունը ձեւակերպում է որպես նպատակային օգնություն տվյալ ոլորտին, բայց փաստորեն այդ օգնությունը ծառայում է պետության առջեւ հարկային պարտավորությունների մարմանը։ Այսինքն՝ նպատակը ոչ թե ոլորտին օգնությունն է, այլ պետական բյուջեի մուտքերի ապահովումը, ինչը իջեցնում է տվյալ միջոցառումների արդյունավետությունը, եթե ոչ ընդհանրապես դրանք զրոյացնում», - ասված է նամակում:

«Հայաստանի hյուրանոցների ասոցիացիան հորդորում է ՀՀ կառավարությանը եւ տեղական ինքնակառավարման մարմիններին․

- ներել զբոսաշրջային ընկերությունների բոլոր հարկային պարտավորությունները եւ պարտադիր վճարները, որոնք առաջացել են 2020թ․ մարտի 1-ից մինչեւ 2021թ․ ապրիլի 30-ը ընկած ժամանակահատվածում,

- 2020թ․ մարտ եւ ապրիլ ամիսների համար կատարված վճարումները ընդունել որպես կանխավճար,

- 2021թ․ մայիսի 1-ից գործարկել հետճգնաժամային հարկման նոր համակարգ հատուկ զբոսաշրջային ոլորտի համար՝ իջեցնելով բարձր հարկման բեռը եւ դրանով ապահովելով այսքան տարվա տքնաջան աշխատանքի շնորհիվ ստեղծված զբոսաշրջության ոլորտի վերականգնումը եւ խրախուսելով ոլորտում նոր ներդրումներ եւ հաջորդող տարիներին երկնիշ աճին վերադարձ», - գրում է Լիլիթ Դանիելյանը:
Դիտում՝ 1820
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW