Կորոնավիրուսի տարածման ռիսկի պատճառով Իտալիայում փակվում են բոլոր խանութները՝ բացառությամբ մթերայինների եւ դեղատների: Այս մասին հայտարարել է Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն, հաղորդում է ՏԱՍՍ-ը:«Հաջորդ քայլն անելու ժամանակն է: Մենք փակում ենք մեր առեւտրային ամբողջ գործունեությունը, վաճառքի կետերը՝ բացառությամբ մթերայինների եւ դեղատների»,- հայտարարել է Կոնտեն: Նա հայտարարել է ամբողջ երկրում ռեստորանների եւ բարերի փակման մասին: Կգործի ուտելիքը տուն առաքելու ծառայությունը: Միաժամանակ, երաշխավորված է հասարակական տրանսպորտի ու մի շարք այլ ծառայությունների, այդ թվում՝ բանկերի եւ ապահովագրական ընկերությունների աշխատանքը: «Ֆաբրիկաները բաց կմնան՝ նախազգուշական բոլոր միջոցառումներին հետեւելու պայմանով: Գյուղատնտեսական արդյունաբերության գործունեությունը երաշխավորված է»,- հավելել է վարչապետը: Նա գործատուներին կոչ է արել աշխատակիցներին արձակուրդ ուղարկել եւ կազմակերպել հեռակա աշխատանքը, ինչպես նաեւ փակել ընկերությունների այն բաժինները, որոնց աշխատանքի ծայրահեղ անհրաժեշտությունը չկա: «Պետք չէ ակնկալել միանգամից վարակվածների թվի անկում, եթե այն շարունակվի էլ, պետք չէ հուսահատվել, ձեր ջանքերն անպայման արդյունք կունենան, միայն որոշ ժամանակ է անհրաժեշտ»,- ասել է Կոնտեն: Tweet Դիտում՝ 4541