Երեւան, 5 փետրվարի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Այսօր Երեւանում տեղի է ունեցել “ ՊրոԿրեդիտ Բանկի” պաշտոնական բացումը, որը դառձել է Հայաստանի 22-րդ առեւտրային, ինչպես նաեւ “ՊրոԿրեդիտ” խմբի մեջ մտնող 22-րդ բանկը: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, “ՊրոԿրեդիտ Բանկի” գործադիր տնօրեն Բերտոլդ Հերցֆելդն մամլո ասուլիսում հայտարարել է, որ “մենք ձգտում ենք փոքր ձեռնարկությունների եւ հասարակ հաճախորդների համար աշխատող բանկ դառնալ”: Նրա խոսքերով, “ՊրոԿրեդիտ Բանկն” իրեն ներկայացնում է որպես զարգացման բանկ, որի հիմնական նպատակն է նպաստել Հայաստանի տնտեսական եւ սոցիալական զարգացմանը: Բերտոլդ Հերցֆելդն ընդգծել է, որ բանկի նպատակային խմբերը կլինեն փոքր եւ միջին ձեռնարկությունները, ինչպես նաեւ տնային տնտեսությունները: “ՊրոԿրեդիտ Բանկի” գործադիր տնօրենի տեղակալ Աշոտ Աբրահամյանը ներկայացրել է բանկի ընթացիկ տարվա ծրագիրը: Այսօրվանից սկսած բանկը հաճախորդներին (ֆիզիկական եւ իրավաբանական անձանց) հիմնական բանկային ծառայություններ կտրամադրի` վարկեր, ավանդներ, փոխանցումներ, հաշիվներ: Այս տարվա կեսին “ՊրոԿրեդիտ Բանկը” բանկոմատներ կգործարկի, իսկ օգոստոսին կսկսի գյուղատնտեսական վարկեր տրամադրել, որոնք “նույնպես բանկի գործունեության կարեւորագույն ուղղություններից մեկը կդառնան”: Նախատեսվում են նաեւ “հետաքրքիր սեզոնային բանկային ծառայություններ” ամռանը Վրաստան մեկնող զբոսաշրջիկների համար (Վրաստանում “ՊրոԿրեդիտ Բանկը” գործում է 1999 թվականից): Մինչեւ տարեվերջ նախատեսվում է Հայաստանում բացել “ՊրոԿրեդիտ բանկի” 6 մասնաճյուղեր, որոնցից 4-ն Երեւանում եւ մեկական Վանաձորում եւ Արտաշատում: Նախատեսվում է, որ մինչեւ տարեվերջ “ՊրոԿրեդիտ Բանկի” վարկային փաթեթը մոտ $30 մլն կկազմի: Աշոտ Աբրահամյանն ընդգծել է, որ “ՊրոԿրեդիտ Բանկը” մտադիր չէ դեմպինգային քաղաքականություն իրականացնել` շեշտը դրվելու է սպասարկման որակի եւ արագության վրա: Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը վստահություն է հայտնել, որ “ՊրոԿրեդիտ Բանկի” մուտքը կնպաստի ֆինանսական միջնորդականության զարգացմանը, նոր բանկային կուլտուրա կստեղծվի` “մենք հնարավորություն կունենանք տեսնելու, թե ինչ է իրենից ներկայացնում սոցիալական պատասխանատվություն ստանձնած, դեպի հաճախորդ կողմնարոշված բանկը”: Կենտրոնական բանկի ղեկավարն ընդգծել է, որ փոքր եւ միջին բիզնեսի զարգացումը զգալի նշանակություն ունի Հայաստանի համար, եւ “ՊրոԿրեդիտ Բանկի” գործունեությունը կնպաստի այդ ոլորտում բանկային մրցակցության զարգացմանը: Գերմանական KfW բանկի առաջին փոխնախագահ Ռոնալդ Զիլերը բարձր գնահատական է տվել Հայաստանի կառավարության եւ Կենտրոնական բանկի հետ համագործակցությանը: Նրա խոսքերով, “այսուհետեւ Հայաստանում կա բանկային ծառայությունների “Մերսեդես”` ոչ թե գնի, այլ որակի իմաստով”: Հայաստանում “ՊրոԿրեդիտ Բանկի” բաժնետերերն են “ՊրոԿրեդիտ Հոլդինգը” (66.66%), KfW-ն (16.67%) եւ ՎԶԵԲ-ը (16.67%): Բանկի հիմնադիր կապիտալը կազմում է 5 մլրդ 790 մլն դրամ: ՄԵԴԻԱՄԱՔՍ Tweet Դիտում՝ 7550