Երեւան, 4 փետրվարի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. 2007 թվականին “Հայփոստի” եկամուտներն աճել են 30%-ով` կազմելով 4.1 մլրդ դրամ, ինչն “աննախադեպ երեւույթ է ընկերության պատմության ընթացքում”, հայտարարել է “Հայփոստ” ՓԲԸ գլխավոր տնօրեն Հանս Բոոնը: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, Հանս Բոոնը հայտնել է, որ նմանատիպ ֆինանսական աճին նպաստել է նաեւ “Հայփոստի” հաղթանակը 2007 թվականի Լավագույն եվրոպական նամականիշի մրցույթում, ինչից հետո հայկական նամականիշները մեծ ճանաչում են վայելում աշխարհում: Նրա խոսքերով, ընկերությունն աշխատում է առաջիկա ամիսներին նոր ֆինանսական եւ փոստային ծառայությունների տրամադրման ուղղությամբ: “Աճում է հետաքրքրությունը “Հայփոստի” նկատմամբ մասնավոր ոլորտի կողմից, “Փոստբանկի” բացումը մոտ ժամանակի հարց է: “Հայփոստն” այսօր մրցակցում է ոչ միայն փոստային օպերատորների, այլեւ ֆինանսական ծառայություններ մատուցող կազմակերպությունների հետ: Այս ամենը թույլ է տալիս ենթադրել, որ մոտ տարիներին “Հայփոստը” կդառնա Հայաստանի առաջատար փոստային օպերատորը”,- ասել է Հանս Բոոնը: 2006 թվականի նոյեմբերի 30-ին “Հայփոստ” ՓԲԸ բաժնետոմսերի ողջ փաթեթը հավատարմագրային կառավարման է փոխանցվել “Հայփոստ Տրասթ Մենեջմենթ” ՓԲԸ-ին, որը պատկանում է հոլանդական “Postfinance” ընկերությանը: Կառավարման պայմանագիրը ստորագրվել է 5 տարի ժամկետով` եւս 5 տարի երկարացման իրավունքով: ՄԵԴԻԱՄԱՔՍ Tweet Դիտում՝ 6081