Համաձայն ս.թ. հունիսի 1-ին «Պրոֆ․Ռ․Հ․Յոլյանի Անվան Արյունաբանական Կենտրոն»-ի եւ «Իզի Փեյ» ՍՊԸ -ի միջեւ ստորագրված փոխըմբռնման հուշագրի՝ «Իզի Փեյ»-ը իրականացնում է բարեգործական ակցիա։ Նշված ակցիայի շրջանակում ընկերությունը իր վճարային տերմինալների միջոցով հավաքագրված գումարը նվիրաբերում է Արյունաբանական կենտրոնին։ Ընկերությունն իր ավելի քան 1700 տերմինալների միջոցով բջջային հեռախոսակապի վճարում կատարելիս քաղաքացիներին հնարավորություն է ընձեռում իրենց վճարումներից ինքնակամ «10», «20» եւ «30» դրամ փոխանցել բարեգործական ֆոնդին։ Բարեգործության շրջանակում ընկերությունը ս.թ. հուլիս ամսից սկսած հավաքագրել է ավելի քան 5,5 մլն դրամ։ Հավաքագրված գումարները ենթական են ծախսման ՀՀ քաղաքացիների արյունաբանական եւ ուռուցքանբանական հիվանդությունների բուժման, ինչպես նաեւ մատուցվող բժշկական ծառայությունների ծախսերի մասնակի կամ ամբողջական փոխհատուցման նպատակով։ «Մինչ այս չափահաս հիվանդների հարցը մնում էր օդից կախված, մանկական մնացած հիմադրամները, որ օժանդակում էին մինչեւ 25 տարեկանների բուժմանը, փակում էին նրանց ծախսերն ամբողջովին, իսկ 25-ից բարձր տարիքի հիվանդները անորոշ վիճակում էին: «Իզի Փեյ» ընկերությունն իսկապես առաջին մեծ կազմակերպությունն էր, որ օգնության ձեռք մեկնեց մեզ»,- ասել է Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանելյանը։ Բուժհաստատության աշխատակիցներն իրենց հերթին փաստեցին, որ «Իզի Փեյ»-ի բարեգործական նախաձեռնության եւ հասարակության բարձր սոցիալական պատասխանատվության շնորհիվ հիվանդներն իրական հնարավորություն են ստանում օգտվելու բժշկական կենտրոնի ծառայություններից։ «Գումարի չափն ընտրվել է այնպես, որպեսզի հաճախորդի ընթացիկ վճարման վրա շատ չազդի, ինքը մեծ սիրով դա կատարի: «Իզի Փեյ»-ը շատ հպարտ եւ ուրախ է, որ կարող է ստեղծել հնարավորություն, որպեսզի մեր քաղաքացիները, մեր հաճախորդները բացի մեր ծառայություններից օգտվելուց, կարողանան իրենց փոքր լուման ունենալով, իրականում շատ մեծ արժեք ունեցող բարեգործություն կատարել արյունաբանական կենտրոնի համար»,-նշել է «Իզի Փեյ»-ի տնօրենի պաշտոնակատար Միքայել Գաբրիելյանը։ «Մեր նպատակն է հասցնել մեր հասարակությանը, որ տվյալ «10», «20» կամ «30» դրամը ինքնին կարող է մարդու կյանքը փոխել,- նշել է «Իզի Փեյ»-ի բիզնեսի զարգացման բաժնի ղեկավար Գոռ Չատյանը, - «2020 թվականից մենք ցանկանում ենք տվյալ բարեգործության շրջանակներն ավելի տարածել, որպեսզի հասանելի դառնանք թե՛ Երեւանում, թե՛ Հայաստանի հեռավոր անկյուններում»։««Իզի Փեյ» ընկերությունը իր որդեգրած քաղաքանությամբ շարունակելու է նմանատիպ բարեգործական ակցիաների լայնամասշտաբ ծավալումը՝ ապահովելու ծրագրերի ամբողջական թափանցիկությունն ու տեղեկատվության հասանելիությունը քաղաքացիներին։ Ընկերությունը միտված է շարունակական դարձնել նման բարեգործական ակցիաների իրականացումը՝ պարբերաբար իրազեկելով այդ մասին հասարակության լայն շերտերին»,- ասված է ընկերության հաղորդագրությունում։ Tweet Դիտում՝ 2388