Երեւանում այսօր մեկնարկել է «Մտավոր սեփականության ոլորտի դասավանդողների պատրաստում» երկօրյա աշխատաժողովը, որին մասնակցելու նպատակով Երեւան է ժամանել Կորեայի Գյուտարարության խթանման ասոցիացիայի նախագահ Ջունիո Կոյի գլխավորած պատվիրակությունը: Աշխատաժողովին մասնակցելու են մտավոր սեփականության բնագավառի մասնագետներ Հայաստանից եւ Կորեայից:Աշխատաժողովից առաջ ՀՀ էկոնոմիկայի նախարարության Մտավոր սեփականության գործակալության եւ Կորեայի գյուտարարության խթանման ասոցիացիայի միջեւ ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր մտավոր սեփականության ոլորտում ուսուցման մշակույթը խթանելու եւ համագործակցությունը խորացնելու նպատակով: Կողմերի միջեւ կիրականացվի տեղեկատվության եւ կադրերի փոխանակում: Կողմերը կհամագործակցեն նաեւ մտավոր սեփականության ոլորտում մարդկային ռեսուրսների զարգացման ուղղությամբ, ներառյալ ուսանողների դասավանդումը, ուսուցիչների վերապատրաստումը եւ այս ոլորտում մտքերի ու փորձի փոխանակումը սեմինարների, աշխատաժողովների, կլոր սեղանների եւ ցուցահանդեսների կազմակերպման միջոցով: Կողմերը կփոխանակեն հետազոտություններ, անհրաժեշտ տվյալներ, հրապարակումներ եւ մտավոր սեփականությանն առնչվող այլ նյութեր, ինչպես նաեւ կապահովեն երկու երկրներում կազմակերպվող եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող համաժողովներին, գիտաժողովներին եւ ցուցահանդեսներին իրենց երկրների համապատասխան մասնագետների մասնակցությունը: Մտավոր սեփականության գործակալության պետ Երեմ Չախոյանը հույս է հայտնել, որ երեւանյան երկօրյա աշխատաժողովը հնարավորություն կընձեռի մտավոր սեփականության ոլորտում ուսուցման միջազգային լավագույն փորձին ծանոթանալու իսկ հուշագրով նախատեսված միջոցառումների շնորհիվ կհաջողվի այդ փորձը կիրառել նաեւ Հայաստանում: Կորեայի Գյուտարարության խթանման ասոցիացիայի նախագահ Ջունիո Կոն նշել է, որ իրենց թիմը պատրաստակամ է հայ գործընկերներին փոխանցելու մտավոր սեփականության բնագավառում իրենց փորձը եւ գիտելիքները։ Tweet Դիտում՝ 2565