Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնն այսօր ասել է, որ իր երկրի համար ԵԱՏՄ-ն «շատ հետաքրքիր, հեռանկարային հարթակ է»:Երեւանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը Իգոր Դոդոնը հիշեցրել է, որ նախորդ տարի մայիսի 14-ին Մոլդովան դարձավ առաջին երկիրը, որն ԵԱՏՄ-ում դիտորդ երկրի կարգավիճակ ստացավ։ «Որպես դիտորդ երկիր՝ մենք նախագահի մակարդակով մասնակցում ենք բոլոր նիստերին, մասնակցում են իմ գործընկերները, նախագահի աշխատակազմի ներկայացուցիչները։ Կարծում եմ, որ այս ուղղությամբ շատ լուրջ, լավ ներուժ ունենք»,- ասել է Մոլդովայի նախագահը:Նիկոլ Փաշինյանն էլ հիշեցրել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում բավական հաճախ են հանդիպել Իգոր Դոդոնի հետ, եւ նրանց միջեւ ձեւավորվել են ջերմ հարաբերություններ։ «Հուսով եմ եւ վստահ եմ, որ այդ հարաբերությունները նաեւ շատ օգտակար կլինեն մեր երկրների միջեւ հարաբերությունների համար, եւ շատ ուրախ եմ, որ այսպիսի հնարավորություն ունեմ՝ Ձեզ հետ քննարկելու մեր հարաբերությունների հետագա զարգացման հարցերը։ Մենք պետք է աշխատենք մեր առեւտրատնտեսական, քաղաքական կապերն ամրապնդելու ուղղությամբ»,- ասել է Հայաստանի վարչապետը: Tweet Դիտում՝ 2010