ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 21-ին աշխատանքային այցով կմեկնի Ամերիկայի Միացյալ Նահանգներ:Կառավարությունում նշել են, որ վարչապետի այցն ԱՄՆ կմեկնարկի Լոս Անջելեսից. սեպտեմբերի 22-ին կմասնակցի Լոս Անջելեսի կենտրոնում գտնվող Գրանդ Փարք վայրում նախատեսված հանրահավաքին, որտեղ հանդես կգա ելույթով: Նիկոլ Փաշինյանը նաեւ հանդիպումներ կունենա Քալիֆորնիայի եւ Լոս Անջելեսի ղեկավարության, ԱՄՆ արեւելյան ափի հայ համայնքի հոգեւոր եւ աշխարհիկ կառույցների ղեկավարների եւ հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Նախատեսվում է գործարար համաժողով, որին կմասնակցեն տեղի գործարար շրջանակների ներկայացուցիչներ: Լոս Անջելեսից վարչապետը կայցելի Սան Խոսե՝ Սիլիկոնյան հովիտ, որտեղ կհանդիպի բարձր տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների ներկայացուցիչների, ինչպես նաեւ հայազգի մասնագետների հետ:Այնուհետեւ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում կմասնակցի Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի աշխատանքներին եւ հանդես կգա ելույթով: Նախատեսվում է Հայաստանի վարչապետի հանդիպումը ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ, տեղի կունենան նաեւ մի շարք երկկողմ հանդիպումները տարբեր երկրների գործընկերների հետ: Նյու Յորքում Նիկոլ Փաշինյանը կհանդիպի տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, կայցելի Թավշյա հեղափոխությանը նվիրված ցուցահանդես եւ Կոլումբիայի համալսարան: Tweet Դիտում՝ 6023