Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ղեկավարությունը՝ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանի գլխավորությամբ, սեպտեմբերի 4-ին հրավիրել է կոլեկտիվի ընդհանուր ժողով՝ նոր ուսումնական տարվա անելիքները, ՀՊՏՀ-ում ստեղծված իրավիճակը, կրթության բոլոր շահառուների միջեւ ստեղծված անջրպետը հաղթահարելու, բարոյահոգեբանական մթնոլորտը բարելավելու, կրթության որակի բարձրացմանը միտված հարցերը քննարկելու նպատակով:ՀՊՏՀ հաղորդագրության համաձայն՝ Դիանա Գալոյանն ընդգծել է, որ իր համար հավասարապես կարեւոր են ՀՊՏՀ բոլոր շահառուները՝ թե՛ ուսանողները, թե՛ պրոֆեսորադասախոսական եւ վարչական անձնակազմը, թե՛ պետությունը, թե՛ գործատուները եւ թե՛ շրջանավարտները: Նրա խոսքով՝ անընդունելի է այս շահառուների միջեւ անջրպետը: Բուհի ղեկավարը հորդորել է՝ ուսանողների հետ գնալ երկխոսության, ականջալուր լինել նրանց մտահոգություններին, հետամուտ լինել նրանց բարձրացրած խնդիրների լուծմանը: «Ինձ համար այս իրավիճակում շատ կարեւոր է բարոյահոգեբանական մթնոլորտի բարելավումը, հատկապես կարեւոր է, որ մենք կարողանանք մեր բուհում ստեղծված խնդիրները լուծել մեր պատերի ներքո: Ես շատ եմ ցանկանում, որ մենք բոլոր խնդիրները քննարկենք բաց, հայտնենք քննադատական կարծիքներ, ազատորեն մերժենք անընդունելի երեւույթները եւ համատեղ ուժերով հանգենք որոշումների, որոնք կլինեն ներառական եւ մասնակցային կառավարման արդյունք»,- հայտարարել է ռեկտորի պաշտոնակատարը:Հանդիպումը վերածվել է լայն քննարկման, կարծիքներով եւ առաջարկներով հանդես են եկել շուրջ երկու տասնյակ աշխատակիցներ:Բուհի ղեկավարն առաջարկել է ստեղծված իրավիճակի բարելավման ճանապարհային քարտեզ, որը ներառում է մի շարք քայլեր՝ կոլեկտիվի կարգապահություն, թելադրություններով դասերի անցկացման բացառում, դասավանդման գործընթացների նկատմամբ վերահսկողության սահմանում, փորձագիտական խմբի ձեւավորում, որը կմշակի մասնագիտական ատեստավորման եւ պաշտոնների տեղակալման մրցութային կարգ, հետազոտական բոնուսային հիմնադրամի ձեւավորում, KPI-երի համակարգի ներդնում:Դիանա Գալոյանի ներկայացրած առաջարկները կոլեկտիվի միաձայն քվեարկությամբ հաստատվել եւ ընդունվել են որպես կոլեկտիվի որոշում: Tweet Դիտում՝ 3614