Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Հայաստանում վերացված են մենաշնորհները եւ տնտեսական գործունեության սահմանափակումները:Այդ մասին նա ասել է՝ Լոս Անջելեսից Հայաստան ժամանած Հայ բարեգործական ընդհանուր միության Մանուկյան-Դեմիրճյան վարժարանի աշակերտների հետ հանդիպմանը:«Մեր ընդհանուր փիլիսոփայությունն այն է, որ տնտեսության զարգացման նպատակով պետք է մարդկանց համար ստեղծենք հնարավորություններ: Մեր հիմնական դերակատարումը տեսնում ենք նրա մեջ, որ մարդկանց հավատ ներշնչենք իրենց ուժերի նկատմամբ, որ մարդիկ կարող են իրենց աշխատանքով իրենց բարեկեցությունը, հաջողությունը, կարիերան ապահովել: Դրա համար պետք է ապահովենք արդար ու հավասար պայմաններ բոլոր քաղաքացիների համար»,- նշել է կառավարության ղեկավարը: Վարչապետը նշել է, որ կառավարությունը տնտեսության մեջ որպես առաջնահերթություն առանձնացրել է երեք հիմնական ճյուղ: «Առաջինը՝ տեխնոլոգիական ոլորտն է: Հույս ունենք, որ Հայաստանն արագ կվերածվի ստարտափերի երկրի եւ տեխնոլոգիական ոլորտը կզարգանա: Վերջերս տեղի ունեցան կառավարության կառուցվածքային փոփոխություններ եւ հիմա ունենք Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարություն: Հույս ունենք, որ այն կխթանի տեխնոլոգիական ոլորտը: Հաջորդ ուղղությունը՝ տուրիզմն է, որը հույս ունենք մեծ տեմպերով կզարգանա: Վերջին տարիներին տուրիզմը լավ է զարգանում, որովհետեւ բավականին շատ նոր մտածողությամբ գործարարներ են այդ ոլորտում ներդրումներ արել եւ հաջողություններ ունեն: Երրորդ ուղղությունը՝ գյուղատնտեսությունն է. մտադիր ենք ամեն ինչ անել, որ այն համապատասխանի ժամանակակից չափանիշներին», - ասել է Նիկոլ Փաշինյանը: Tweet Դիտում՝ 1696