Լիդիանը պնդում է, որ ներխուժումը շարունակվում է

18.06.2019 | 12:15 Գլխավոր էջ / Նորություններ /
#Լիդիան
«Լիդիան Ինթերնեշնլ» ընկերությունն այսօր հաղորդագրություն է տարածել, որում ասվում է, որ Ոստիկանությունը չի կատարում ՀՀ վարչական դատարանի որոշումը եւ չի հեռացնում ընկերության տարածք ներխուժած անձանց եւ նրանց գույքը։

Ընկերության հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է.

«ՀՀ վարչական դատարանը պարտավորեցրել էր ոստիկանությանը հեռացնել ներխուժում կատարած անձանց եւ նրանց գույքը ընկերության Ամուլսարի ծրագրի տարածքից: Դատարանի վճիռը ուժի մեջ պետք է մտներ 30 օր անց, եթե ոստիկանության կողմից չբողոքարկվեր: Քանի որ ոստիկանությունը 30 օրվա ընթացքում դատարանի վճիռը չբողոքարկեց, Լիդիանը ակնկալում էր, որ ոստիկանությունը կհեռացնի ներխուժում կատարած անձանց եւ նրանց գույքը եւ կապահովի Լիդիանի մուտքն իր տարածք:

Ոստիկանությունը գրավոր տեղեկացրել է Լիդիանին, որ իրենք կատարել են դատարանի վճիռը՝ ներխուժում կատարած անձանց՝ Ամուլսարի ճանապարհները արգելափակող վագոն-տնակների տեղադիրքը փոխելով: Այդուհանդերձ, Լիդիանի անարգել մուտքը չի վերականգնվել: Լիդիանը պնդում է, որ ներխուժումը շարունակվում է, եւ ոստիկանությունը չի կատարել դատարանի վճիռը:

Այդ իսկ պատճառով, Լիդիանը միջնորդություն է ներկայացրել դատարան լրացուցիչ վճիռ ստանալու նպատակով: Ակնկալվում է, որ ներկայացված միջնորդությունը կքննվի 20 օրվա ընթացքում:

Լիդիանի նախագահի եւ գլխավոր գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Սելերսը այս առիթով ասել է.

«Լիդիանը ողջունեց Հայաստանի դատարանների վերջին վճիռները, որոնք հաստատում էին Լիդիանի դիրքորոշումը ճանապարհների ապօրինի շրջափակման վերաբերյալ: Լիդիանը զրկված է եղել աշխատելու իր օրինական իրավունքից սկսած 2018թ. հունիսից: Դատարանի վճիռը մենք համարում ենք ներխուժման ապօրինի լինելու փաստի ճանաչում եւ պահանջ ոստիկանությանը՝ վերականգնել Լիդիանի անխափան մուտքն իր իսկ տարածք: Քանի դեռ Ամուլսարի տարածք անխափան մուտքը չի վերականգնվել, Լիդիանը համարում է, որ ոստիկանությունը չի իրականացրել դատարանի վճռով սահմանված իր պարտականությունները: Լիդիանը դիտարկելու է բոլոր իրավական հիմքերը իր իրավունքները պաշտպանելու համար»:
Դիտում՝ 7169
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW