Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) Հայաստանի տնտեսության համար 2019թ. 5% աճ է կանխատեսում: Այս մասին ասված է կազմակերպության հրապարակած «Մակրոտնտեսական հիմքերի ամրության փորձարկում» խորագրով դեկտեմբերյան զեկույցում:Այս ցուցանիշը, ԵԱԶԲ բնորոշմամբ, համապատասխանում է երկրի ներուժին՝ օտարերկրյա ներդրումների աճի կայունացման եւ ագրոարդյունաբերության առաջանցիկ աճի պայմաններում:Միաժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ՀՆԱ-ի աճը 2018թ. համար գնահատում է 5,6%:Զեկույցի համաձայն՝ 2019թ. տնտեսության վրա կշարունակի զսպող ազդեցություն թողնել ֆիսկալ քաղաքականությունը՝ պայմանավորված պետական պարտքի աճի վերահսկման անհրաժեշտությամբ: ԵԱԶԲ-ն Հայաստանում 2018թ. համար կանխատեսում է գնաճի 2%, իսկ 2019թ. համար՝ 3,4% ցուցանիշ:«2018թ. գնաճի տեմպերի արագ նվազումը փաստում է այն մասին, որ տարվա երրորդ եռամսյակում գրանցված գների աճը կարճաժամկետ գործոնների ազդեցության ներքո էր: Միջնաժամկետ հեռանկարում կանխատեսվում է գնաճի մակարդակի աստիճանական բարձրացում՝ սահմանված թիրախին մոտ, որին կնպաստեն վարկավորման աճը, սպառողական ակտիվության ավելացումը, ինչպես նաեւ ներմուծվող ապրանքների գների բարձրացումը՝ տարածաշրջանում գնաճի տեմպերի ընդհանուր արագացման ֆոնին»,- ասված է զեկույցում: Tweet Դիտում՝ 10924