Նոյեմբերի 26-ին ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ եւ Յունիբանկի աջակցությամբ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա դուդուկի աշխարհահռչակ վարպետ Ջիվան Գասպարյանի 90-ամյակին նվիրված հոբելյանական համերգը: «Ջիվան Գասպարյանը դարձել է կենդանի լեգենդ հայ ժողովրդի համար, անգնահատելի է նրա ներդրումը մեր մշակույթում»,- ասել է Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը: «Մենք ուրախ ենք աջակցել մեծ դուդուկահարի ծրագրերին, այդ թվում` հոբելյանական համերգին: Ջիվան Գասպարյանի նախաձեռնությամբ Երեւանում կառուցվում է դուդուկի անվճար դպրոց սոցիալապես անապահով երեխաների համար, մենք եւս աջակցում ենք կառուցմանը: Դպրոցում սովորում են երգել, պարել, բայց ամենակարեւորը, նրանք նվագում են դուդուկ՝ շարունակելով ազգային երաժշտական ավանդույթը: Մեր բանկն իր պարտքն է համարում նպաստել դպրոցի շինարարությանը»,- հավելել է Մեսրոպ Հակոբյանը:«Ես անչափ շնորհակալ եմ ՀՀ մշակույթի նախարարությանը եւ Յունիբանկին աջակցության համար: Ուրախ եմ, որ բանկն աջակցեց երիտասարդ դուդուկահարների համար դպրոց կառուցելու նախաձեռնությանը: Երաժշտությունը ժողովրդի հոգին է, սա նրա պատմությունն է, սա է ապագան»,- նշել է Ջիվան Գասպարյանը: Համերգային ծրագրին կմասնակցեն Հասմիկ Պապյանը, Արտո Թունջբոյաջյանը, Արտյոմ Մանուկյանը (ԱՄՆ), Գեւորգ Հակոբյանը, Արմեն Բաբախանյանը, Աննա Մայիլյանը, Էդգար Խաչատրյանը, Կոմիտասի անվան լարային քառյակը, Թաթուլ Ալթունյանի անվան Հայաստանի երգի-պարի պետական վաստակավոր համույթը (գեղարվեստական ղեկավար Ժիրայր Ալթունյան), Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Հ․Չեքիջյան), Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր՝ Կ. Օրբելյան) եւ այլ երաժիշտներ։ «Համերգի ընթացքում ավագ եւ կրտսեր Ջիվան Գասպարյանների կատարումները առանձնահատուկ շունչ կհաղորդեն երեկոյին»,- նշել են բանկում:Ջիվան Գասպարյանն արժանացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի չորս մրցանակի (1957, 1962, 1973 եւ 1980 թթ.): 2002թ. արժանացել է WOMEX մրցանակին:Միջոցառումը կազմակերպում է «ԹԻ ԷՄ Փրոդաքշն» ընկերությունը: Tweet Դիտում՝ 10525