Ասիական զարգացման բանկը՝ ՀՀ Կենտրոնական բանկի հետ համատեղ, հոկտեմբերի 23-24-ը Հայաստանում կազմակերպել է «Միջազգային պահուստների կառավարում» թեմայով համաժողով:ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունում նշել են, որ միջոցառմանը մասնակցում են 34 երկրների կենտրոնական բանկերի, ֆինանսների նախարարությունների եւ այլ պետական ֆինանսական կառույցների, ինչպես նաեւ 7 վերազգային եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը նշել է, որ համաժողովը լայն հնարավորություններ է ընձեռում ընթացիկ մարտահրավերներով լի իրավիճակում արտաքին պահուստների կառավարման արդյունավետ ուղիների քննարկման ուղղությամբ։ Նա նաեւ հույս է հայտնել, որ համաժողովը լավ հարթակ կլինի տարբեր գործնական հարաբերությունների հաստատման համար:Համաժողովի ընթացքում քննարկվելու են համաշխարհային տնտեսական զարգացումները, դրամավարկային քաղաքականության կարգավորման ազդեցությունը միջազգային պահուստների կառավարման եւ ակտիվների տեղաբաշխման վրա, ինչպես նաեւ ռիսկերի կառավարման հայեցակարգերը:Անդրադարձներ կլինեն պետական պարտատոմսերի թողարկումների վրա միջազգային եւ տարածաշրջանային զարգացումների ազդեցության, առաջնային եւ երկրորդային շուկայում շրջանառվող պարտատոմսերի վրա բանկային եւ ֆինանսական շուկաների կարգավորման ներգործության հարցերին: Կարեւորություն է տրվելու բարձր վարկանիշ ունեցող պարտատոմսերի թողարկողների կողմից դրանց ներդրումային գրավչության բարձրացմանը: Առանձին կքննարկվի բարձր տեխնոլոգիաների կարեւորության հարցը՝ անվտանգության ապահովման, գործառնական ռիսկերի կառավարման տեսանկյունից:Ելույթներով հանդես կգան ՀՀ ԿԲ, ԱԶԲ, ՀԲ, Եվրոպական ներդրումային բանկի, Միջազգային հաշվարկների բանկի, Baring Asset Management, State Street Global Advisors, Ոսկու համաշխարհային խորհրդի (World Gold Council), Clearstream Banking Luxemburg եւ SWIFT կազմակերպությունների, ինչպես նաեւ Բելգիայի, Սլովենիայի, Չեխիայի, Ֆիլիպինների, Թայլանդի, Վրաստանի, Ռումինիայի կենտրոնական բանկերի առաջատար մասնագետները: Tweet Դիտում՝ 2512