ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով Հակոբ Արշակյանը նշանակվել է տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների, Գարեգին Բաղրամյանը՝ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար:Նախագահի մեկ այլ հրամանագրով Ֆելիքս Ցոլակյանը նշանակվել է արտակարգ իրավիճակների նախարար: Մինչ այս Հակոբ Արշակյանը զբաղեցնում էր ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալի պաշտոնը: Համակարգում էր կապի, հեռահաղորդակցության, համացանցի, թվայնացման, ինովացիայի, տեղեկատվական ու բարձր տեխնոլոգիաների, կիբերանվտանգության եւ տիեզերական տրանսպորտի ոլորտներում քաղաքականության իրականացման աշխատանքները:Ծնվել է 1985թ. ապրիլի 16-ին: 2005-2009 թթ. սովորել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի քոմփյութերային համակարգեր եւ ինֆորմատիկա բաժնի բակալավրիատում, 2009- 2011 թթ.՝ նույն բաժնի մագիստրատուրայում:2008-2012 թթ. եղել է «ՀԻՄԱ» նախաձեռնության համահիմնադիր անդամ, 2012-ից՝ «ՀԻՄԱ» հասարակական կազմակերպության նախագահ:2010-2012 թթ. National Instruments ընկերությունում եղել է համակարգերի ինժեներ (Systems Engineer):2012-2017 թթ. եղել է National Instruments ընկերության «Ալյանս» գործընկերների ծրագրի տարածաշրջանային ղեկավար, 2018թ. հունվար-մայիսին՝ «Արաքսիս Ինժեներինգ» ընկերության հիմնադիր, գործադիր տնօրեն:2015-ից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր վարչության անդամ է:Ամուսնացած է, ունի երկու դուստր:Գարեգին Բաղրամյանը 2018թ. հունիսի 11-ից զբաղեցնում էր ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի տեղակալի պաշտոնը: Գարեգին Բաղրամյանը Լուսանկարը՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարություն Ծնվել է 1977թ. հուլիսի 22-ին:1994-1998 թթ. սովորել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Վառելիքաէներգետիկ համալիրի ճյուղերի էկոնոմիկա եւ կառավարում ֆակուլտետի ճարտարագիտության բակալավրիատում, 1996-1998 թթ.՝ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Տնտեսագիտակառավարչական մասնագիտությունների բաժանում: 1998-2000 թթ. ավարտել է նույն համալսարանի Ճարտարագիտության մենեջմենթ էներգետիկայի բաժնի մագիստրատուրան, 2000-2002 թթ.՝ նույն բաժնի ասպիրանտուրան է ավարտել: 1999-2002 թթ. ՀՀ էներգետիկայի հանձնաժողովում եղել է սակագնային քաղաքականության վարչության առաջին կարգի մասնագետ, այնուհետեւ՝ սակագնային քաղաքականության վարչության սակագնային բաժնի առաջատար մասնագետ, 2002-2003 թթ.՝ ՀՀ բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության սակագնային բաժնի գլխավոր մասնագետ:2003-2004 թթ. աշխատել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում՝ որպես սակագնային քաղաքականության սակագնային բաժնի գլխավոր մասնագետ, 2004-2011 թթ.՝ ՀԾԿՀ սակագնային քաղաքականության վարչության սակագնային բաժնի պետ, 2011-2018 թթ.՝ ՀԾԿՀ սակագնային քաղաքականության վարչության պետ:2016թ. սեպտեմբերի 1-ից դասավանդել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում:Անկուսակցական է:Ամուսնացած է, ունի որդի: Tweet Դիտում՝ 5139