ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպել է Հայաստանում մրցակցության բարեփոխումների մասով գնահատում կատարելու նպատակով Համաշխարհային բանկի խմբի նախնական ուսումնասիրության առաքելության անդամների հետ՝ պատվիրակության ղեկավար Սառա Նիմանի գլխավորությամբ։Ինչպես հայտնել են նախարարությունում, հանդիպմանը քննարկվել են մրցակցության բարեփոխումների գնահատման առաջնահերթ ուղղություններին վերաբերող հարցեր։ Մասնավորապես, անդրադարձ է եղել առեւտրի եւ շուկայի կարգավորումներին, արդյունաբերական, ներդրումային, ՓՄՁ քաղաքականության ճիշտ գնահատման եւ վերլուծության կարեւորության խնդիրներին։ Նախարարը խոսել է իրականացվող բարեփոխումների ընթացքի, շուկաների ազատականացման, մրցակցային պայմանների ապահովման, հակամենաշնորհային քաղաքականության, ներդրումային միջավայրի բարելավմանն ուղղված քայլերի, համապատասխան օրենսդրական դաշտի կարգավորման եւ մի շարք այլ հարցերի մասին։Սառա Նիմանն էլ ասել է, որ առաքելությունն աշխատում է 60-ից ավելի կառավարությունների հետ: Նա ներկայացրել է Հայաստանում իրականացվող աշխատանքը, որի նպատակը ՀՀ կառավարությանն օգնելն է՝ բացահայտելու տնտեսության մեջ առկա բոլոր բացերը, որոնք խոչընդոտում են առավել մրցունակ տնտեսություն ունենալուն։ Մինչ առաքելության կողմից վերջնական գնահատումը՝ բարձրացված հարցերի վերաբերյալ քննարկումները կշարունակվեն աշխատանքային հանդիպումների ընթացքում։ Tweet Դիտում՝ 2315