Բրոնոզյանի փորձագետներն Ամուլսարում փոխել են շատ կարծիքներ

22.06.2018 | 17:39 Գլխավոր էջ / Նորություններ /
#Լիդիան Արմենիա
«Լիդիան Արմենիա» ընկերությունը հունիսի 21-ին հյուրընկալել է Հարութ Բրոնոզյանին եւ նրա պատվերով Ամուլսարի ծրագրի փաստաթղթերի հիման վրա հետազոտություն կատարած երկու փորձագետներին՝ Էնն Մաեսթին եւ Անդրե Սոբոլեւսկուն։

Ընկերությունում նշել են, որ նրանք առաջին անգամ էին այցելում Ամուլսար ու առաջին անգամ էին առիթ ունենում տեղում ծանոթանալու բնապահպանական միջոցառումներին եւ զրուցելու Լիդիանի բնապահպանական մասնագետների եւ Ամուլսարի ծրագրում աշխատող անկախ փորձագետների հետ:  

«Բավական տեւական ժամանակ Մաեսթի եւ Սոբոլեւսկու եզրակացությունները շահարկվում էին հայաստանյան որոշ կազմակերպությունների կողմից: Ամուլսարում թթվային դրենաժի ռիսկը եւ դրա կառավարման միջոցառումները քննադատած զեկույցները ներկայացվում էին որպես եզրահանգում, թե Ամուլսարը չի կարող անվտանգ շահագործվել:

Երեկվա այցելության ընթացքում թե՛ Մաեսթը, թե՛ Սոբոլեւսկին հերքեցին այդ պնդումը, պարզաբանելով, որ ճիշտ կառավարման մեթոդների կիրառման դեպքում Ամուլսարը կարող է անվտանգ շահագործվել: Բանավեճը միայն տարբեր մեթոդների շուրջ էր:

Ամուլսարում թթվային դրենաժի հավանական ռիսկի կառավարման նախագծումն իրականացնող միջազգային ճանաչում ունեցող Global Resource Engineering ընկերության փորձագետ Լարրի Բրեքենրիջը ներկայացրեց Ամուլսարում կիրառվելիք մեթոդները եւ այս պահին իրականացվող լաբորատոր փորձարկումները:

Մասնագիտական քննարկումը եւ այցելությունը լաբորատորիա հնարավորություն ստեղծեց հյուրերին ավելի լավ պատկերացում կազմելու Ամուլսարում թթվային դրենաժի կառավարման մեթոդների վերաբերյալ: Անդրե Սոբոլեւսկին խոսեց այն մասին, որ շատ մանրամասների նոր է ծանոթացել, որոշ հարցերի պատասխաններ ստացել է, որոշ մտահոգություններ դեռ ունի:

«Ես զարմացած էի տեղեկանալ, որ դատարկ ապարների լցակույտը ունենալու է պաշտպանիչ շերտ, դա շատ լավ է: Ես մի փոքր զարմացած էի, երբ դուք բացատրեցիք, թե ինչ հեշտ է տարանջատել հանքաքարը սուլֆիդային հատվածից, ես մի փոքր թերահավատ եմ, թե տեսականում եւ պրակտիկայում ինչպես է դա արվելու: Դուք վստահեցնում եք, որ դա հեշտ կլինի, հույս ունեմ, որ այդպես է: Ես, իհարկե, գիտեմ, որ լավ երկրաբանի առկայության դեպքում դա հնարավոր է եւ դա հուսադրող է», - ասել է նա:

Անդրե Սոբոլեւսկին խնդրեց լրացուցիչ տեղեկություններ տրամադրել որոշ մանրամասների մասին, որպեսզի ավելի համոզիչ լինի կիրառվող մեթոդների արդյունավետությունը եւ փարատվեն դեռեւս առկա մտահոգությունները: Նա նաեւ հաստատեց, որ պասիվ մաքրման կայանները կարող են շատ արդյունավետ լինել, բայց դրա համար մեծ մասնագիտական ներուժ է անհրաժեշտ:  

էնն Մաեսթը ասաց, որ կարծում է, որ «Լիդիան»-ը կարող է բարձրացնել հանքարդյունաբերության նշաձողը Հայաստանում: «Ես նոր բաներ իմացա այստեղ գալով: Դուք բավական գործ եք անում, որ ես չգիտեի: Կարծում եմ, ամենամեծ խնդիրը դատարկ ապարների լցակույտում թթվային դրենաժը կանխելու տարբեր միջոցառումներ կիրառելն է, քանի որ նախկինում տպավորություն էր, թե պատրաստվում եք միայն «վատ» ապարը «լավ» ապարով կապսուլավորել, բայց դա այնքան էլ հեշտ չէ, եւ ես ուրախ եմ տեղեկանալ, որ դուք տարբեր մեթոդներ եք կիրառելու եւ մենք կցանկանայինք տեսնել, թե ինչպես է դա աշխատում պրակտիկայում»:

Այցելուներն ասացին, որ դեռեւս որոշ մտահոգություններ ունեն, խնդրեցին տրամադրել լրացուցիչ տեղեկություններ եւ փորձարկումների լրացուցիչ արդյունքներ:

Թթվային ապարների դրենաժը տարածված խնդիր է հանքարդյունաբերության մեջ եւ Հայաստանում առաջին անգամ հենց Ամուլսարն է կիրառում ժամանակակից պաշտպանության մեթոդները՝ հենց հանքի նախագծման փուլից: Հաշվի առնելով այս հանգամանքը, ինչո՞ւ է պարոն Բրոնոզյանը, այլուր արդեն առկա խնդիրները առաջնային չհամարելով, այսքան ժամանակ եւ միջոցներ է տրամադրել հենց Ամուլսարին: Քննարկմանը հնչած հարցին ի պատասխան, պարոն Բրոնոզյանը պարզաբանեց, որ պատճառներից մեկն այն է, որ միայն Լիդիանն է հրապարակային տեղեկատվություն տրամադրել այդ մասին եւ այդ առումով Ամուլսարի ծրագիրն ուսումնասիրելն ավելի հեշտ էր ու ընկերության թափանցիկությունն այդ առումով գնահատելի է:

«Լիդիան Արմենիան» իր հերթին պարտավորվում է շարունակել թափանցիկ աշխատելաոճը բոլոր շահագրգիռ կողմերի հետ, եւ բոլոր հետաքրքրվողներին շարունակել ներկայացնել ապացույցներ առ այն, որ Ամուլսարում կիրառվում են իսկապես առաջատար մեթոդներ, որոնք կարող են օրինակ հանդիսանալ Հայաստանում այլ հանքարդյունաբերական ծրագրերի համար»,- ասված է «Լիդիան Արմենիա»-ի տարածած հաղորդագրությունում:  

Քննարկման որոշ հատվածներ ներկայացված են տեսանյութում:

Դիտում՝ 2395
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW