ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանն այսօր հանդիպել է ՀԿ-ների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու «Կառուցողական երկխոսության հանձնառություն ծրագրի» հիմնական ուղղությունները եւ համագործակցության հնարավոր եզրերը: Ծրագրի ուղղություններն են՝ հանրային բյուջեների եւ քաղաքականությունների մոնիթորինգը, փաստարկված քաղաքականությունների մշակումը, կոալիցիաների ստեղծումը եւ զարգացումը, ինչպես նաեւ հանրային քաղաքականությունների մշակման գործընթացում կառուցողական մասնակցությունը, երկխոսությունը կառավարության եւ ՏԻՄ-երի հետ:Կարեն Բրուտյանի խոսքով՝ նման հանդիպումների համար անհրաժեշտ է մշակել գրագետ աշխատանքային ձեւաչափ, ապահովել ՀԿ-ների ներգրավվածությունը նախարարության կողմից իրականացվող նախաձեռնություններին:«ՀՀ ֆինանսների նախարարությունը՝ որպես հանրային ֆինանսների ոլորտում քաղաքականություն իրականացնող մարմին, պատրաստ է համագործակցել ձեզ հետ իր գործառույթների շրջանակներում եւ քննարկման անհրաժեշտ խնդիրների դեպքում սահմանել արագ արձագանքման սխեմա. քննարկումները դարձնել ավելի ակտիվ եւ կառուցողական»,- ասել է Կարեն Բրուտյանը:«ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Հակոբ Ավագյանի խոսքով՝ այս ծրագիրն ուղղված է քաղաքացիական հասարակության կազմակերպություններ- կառավարություն երկխոսության ամրապնդմանը եւ նպատակ է հետապնդում մեծացնել հասարակական կարծիքի ազդեցությունը տարբեր ոլորտներում քաղաքականությունների մշակման վրա:Հանդիպման ավարտին որոշվել է նման քննարկումները դարձնել պարբերական՝ նպատակ ունենալով համատեղ ուժերով ապահովել ավելի արդյունավետ ծրագրերի իրականացում եւ գործընթացների վերահսկողություն: Tweet Դիտում՝ 2631