ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստում ասել է, որ իրականացված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել են ընդերքօգտագործման իրավունքով տրամադրված տեղամասերի, հողամասերի կոորդինատների անճշտություններ եւ անհամապատասխանություններ։«Ստեղծված իրավիճակը խնդիրներ է առաջացնում ոլորտային կազմակերպությունների բնականոն գործունեության, այդ թվում՝ սեփականության իրավունքի իրացման, ինչպես նաեւ ընդերքօգտագործման նկատմամբ համապատասխան պետական վերահսկողական գործառությունների իրականացման տեսանկյունից»,- ասել է նա։ Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարին եւ կառավարության աշխատակազմի ղեկավարին հանձնարարվել է 7-օրյա ժամկետում մշակել եւ ներկայացնել ընդերքօգտագործման իրավունքով տրամադրված տեղամասերի ճշգրտման աշխատանքների իրականացման միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու վերաբերյալ որոշման նախագիծ։ Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարին, բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավարին հանձնարարվել է խումբը ձեւավորվելուն պես 3-ամսյա ժամկետում վեր հանել ընդերքօգտագործող կազմակերպություններին, հատկապես մետաղական հանածոների ոլորտում տրամադրված փաստաթղթերում առկա տեղամասերի եւ հողամասերի համապատասխան կոորդինատների անճշտությունները, փաստացի առկա անհամապատասխանությունները, եւ միջոցներ ձեռնարկել դրանք վերացնելու ուղղությամբ։ Tweet Դիտում՝ 1828