Ամերիաբանկն օնլայն վարկավորման ծառայություն է գործարկել

07.03.2018 | 12:09 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ամերիաբանկ #Արման Բարսեղյան
Ամերիաբանկը, թվային ռազմավարության ներքո, շարունակում է ընդլայնել իր օնլայն ծառայությունների շարքը՝ այս անգամ ներկայացնելով վարկավորման նոր հնարավորություններ:

Առաջարկը մարտի 6-ի երեկոյան լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրել է Ամերիաբանկի Մանրածախ գործառնությունների գծով տնօրեն Արման Բարսեղյանը:

Մարտի 6-ից Ամերիաբանկը ֆինանսական շուկայում հանդես է գալիս աննախադեպ առաջարկով՝ սպառողական վարկերի ստացման նոր հնարավորություններ օնլայն տարբերակով. հաշված րոպեների ընթացքում հնարավոր է ստանալ 100 000 դրամից մինչեւ 10 մլն դրամ վարկ՝ առանց գրավի եւ/կամ երաշխավորության: Ընդ որում, վարկերը տրամադրվում են առանց վարկի տրամադրման եւ վարկի սպասարկման  միջնորդավճարի:

Ամերիաբանկի հաճախորդների քարտապանների համար վարկի հաստատումը եւ պայմանագրի կնքումը կատարվում են օնլայն, որից հետո գումարն անմիջապես մուտքագրվում է ընթացիկ հաշվին, իսկ Ամերիաբանկի քարտապան կամ հաճախորդ չհանդիսացող անձիք վարկի հաստատումն օնլայն ռեժիմով ստանալուց հետո պետք է այցելեն բանկ՝ վարկային պայմանագիրը ստորագրելու համար:

Օնլայն ռեժիմով հնարավոր է նաեւ դիմել տարբեր արժույթներով (դրամ, դոլար, եվրո) օվերդրաֆտ եւ վարկային գիծ ստանալու համար, որոնց դեպքում գումարը մուտքագրվում է հաճախորդի քարտին:

Օնլայն վարկերը ներկայացնող մարքեթինգային արշավը, որը կրում է «Մեծությունը չի խոչընդոտում արագությանը» խորագիրը, շեշտադրում է առաջարկի հիմնական առավելությունները՝ վարկի մեծությունը եւ տրամադրման արագ գործընթացը. անկախ գումարի մեծությունից՝ վարկային հայտի ներկայացման, վարկունակության գնահատման եւ վարկի տրամադրման գործընթացն ամբողջովին ավտոմատացված է:

Նպատակ ունենալով  հաճախորդներին հասանելի դարձնել վարկավորման բոլոր ուղղությունները՝ Ամերիաբանկը վերջերս հանդես եկավ նաեւ ապրանքների ձեռքբերման ապառիկ ֆինանսավորմամբ, որի շրջանակում առաջիկայում կներկայացվեն նորարարական լուծումներ:

2017թ. գործունեության արդյունքներով՝ Ամերիաբանկի հաճախորդների թվաքանակն աճել է 12%-ով, տրամադրված վճարային քարտերի քանակը՝ 14%-ով: Ֆիզիկական անձանց ցպահանջ ավանդները հաշվետու տարում աճելով ավելի քան 43%-ով՝ տարեվերջին կազմել են 47 մլրդ դրամ, իսկ ժամկետային ավանդներն աճելով 10%-ով՝ կազմել են շուրջ 134 մլրդ դրամ: Մանրածախ վարկային պորտֆելը տարեկան կտրվածքով աճել է 31%-ով եւ 2017թ. արդյունքներով կազմել 75 մլրդ դրամ, այդ թվում՝ ՓՄՁ վարկերի գծով աճը կազմել է 26%, իսկ պորտֆելը՝ շուրջ 17 մլրդ դրամ:

Ասուլիսի շրջանակում Արման Բարսեղյանը, Banks.am-ի խնդրանքով, պատասխանել է օնլայն վարկավորման ծառայության մասին ռիսկերի գնահատման եւ կառավարման հարցին.

«Փորձը ցույց է տալիս, որ նմանատիպ ծառայությունների վերաբերյալ վերջնական կարծիք կարելի է հայտնել որոշակի ժամանակահատված ծառայությունը ներդնելուց եւ արդյունքներն արդեն պրակտիկայում ստուգելուց հետո: Ամեն դեպքում, այն մեթոդոլոգիան, որը մենք ներդրել ենք, հիմնված է ուսումնասիրությունների վրա, եւ կարծում ենք, որ մեր կողմից կանխատեսվող այդ պորտֆելի ռիսկայնությունը չի շեղվի մեր կանխատեսումներից: Ընդ որում, խոսքը միայն անբարենպաստ շեղումների մասին չէ, հնարավոր է լինեն նաեւ բարենպաստ շեղումներ. մենք շատ զգույշ ենք եղել եւ հնարավոր է, որ նաեւ տրամաբանությունը պետք է որոշակի փոփոխել, թուլացնել ռիսկը զսպող հանգամանքները: Ժամանակի ընթացքում պետք է համապատասխան ճշգրտումներ իրականացնենք, որպեսզի կարողանանք օպտիմալ ռիսկ/եկամտաբերություն հարաբերակցության վրա դուրս գալ: Այս պահի դրությամբ մենք ամեն օր կարողանում ենք տեսնել, թե վարկերի որ մասն է հաստատվում եւ որ մասն է մերժվում: Այդ համամասնությունը մեզ բավարարում է: Սակայն հարցին, թե ինչ վարքագիծ կունենա պորտֆելը,  կկարողանանք անդրադառնալ առնվազն մեկ տարի հետո»:

Banks.am-ի խնդրանքով Արման Բարսեղյանն անդրադարձել է նաեւ Ameria Mobile Banking հավելվածի աճի միտումներին.

«Ինչ վերաբերում է Mobile Banking հավելվածին, ապա ժամանակի ընթացքում աստիճանաբար դրա ակտիվությունը, օգտագործման մակարդակը բարձրանում է: Վերջին երկու տարվա ընթացքում մեր Mobile Banking-ի ակտիվ օգտագործողների քանակը կրկնապատկվել է: Դա, իհարկե, վատ ցուցանիշ չէ, բայց ամեն դեպքում մեր բազայի մեջ Mobile Banking-ի ակտիվ օգտագործողների տեսակարար կշիռը մեզ դեռ չի բավարարում, եւ կարծում ենք, որ այդ առումով դեռ անելիքներ ունենք: Առաջիկա ամիսներին նորություններ ենք ունենալու այդ մասով»:
Դիտում՝ 4699
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW