Հայաստանում ԱՄՆ դեսպանության աջակցությամբ այսօր Երեւանում կայացել է Կարիերայի եւ ձեռնարկատիրության տոնավաճառը, որը կազմակերպել էին Արաքսյա Մարտիրոսյանը՝ ի դեմս IAB Բիզնեսի միջազգային ակադեմիայի եւ Հայկուհի Գեւորգյանը՝ ի դեմս Career Lab-ի:ԱՄՆ դեսպանության փոխանցմամբ՝ «Մարիոթ» հյուրանոցում անցկացվող տոնավաճառի շրջանակում հանդիպելու հնարավորություն են ստացել աշխատանք փնտրողներն ու առաջարկողները: Մասնակիցները խորհուրդներ են ստացել կենսագրական կազմելու վերաբերյալ, քննարկումներ ունեցել ապագայի աշխատանքների, մասնագիտական կողմնորոշման եւ այլ հարցերի շուրջ: Տոնավաճառին մասնակցող գործատուները ներկայացրել են շուրջ 180 թափուր տեղ:«Այսօրվա գլոբալ աշխարհում ձեռներեցներն ու աշխատանք փնտրողները պետք է ճկուն լինեն, պատրաստ ռիսկի դիմել եւ օգտվել հնարավորություններից, երբ դրանք ընձեռվում են: Այս միջոցառումն հենց մի այդպիսի հնարավորություն է»,- ասել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը: Կարիերայի եւ ձեռներեցության տոնավաճառը ԱՄՆ դեսպանության աջակցությամբ իրականացված ամենամեծ ամփոփիչ միջոցառումն է այս տարվա Ձեռներեցության համաշխարհային շաբաթվա ընթացքում, որը ձեռներեցության խթանմանն ուղղված տարբեր միջոցառումներով նշվում է աշխարհի ավելի քան 170 երկրներում: «ԱՄՆ դեսպանությունը, աշխատելով տարբեր փոխանակման ծրագրերի շրջանավարտների հետ, աջակցում է ձեռներեցությանը տարբեր նախաձեռնությունների միջոցով, մասնավորապես՝ քննարկումներ հաջողակ կին գործարարների հետ, տնտեսավարման մասին խորհուրդներ սկսնակ ընկերությունների համար եւ քննարկումներ Հայաստանում հաջող բիզնես վարելու մասին»,- ասված է հաղորդագրությունում: Tweet Դիտում՝ 4534