ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ասել է, որ հայ-չեխական տնտեսական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն:Այս մասին Կարեն Կարապետյանն ասել է Չեխիայի խորհրդարանի Սենատի նախագահ Միլան Շտեխի հետ նախօրեին Երեւանում կայացած հանդիպմանը: Նրա խոսքով՝ Չեխիան Եվրոպայում մեր երկրի կարեւորագույն գործընկերներից է, եւ Հայաստանը շահագրգռված է խորացնելու համագործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափով: Կարեւորելով Չեխիայի հետ առեւտրատնտեսական կապերի զարգացումը՝ վարչապետն անհրաժեշտ է համարել տնտեսական հարցերով Հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովի ակտիվ եւ առարկայական գործունեությունը: «Թեեւ 2016թ. համեմատ ընթացիկ տարում ունենք երկկողմ առեւտրաշրջանառության 60% աճ, սակայն, միեւնույն է, թվերը շատ հեռու են այն ներուժից, որը մենք ունենք: Հուսով եմ, որ այսօր բացված բիզնես ֆորումը նոր լիցք կհաղորդի ու կնպաստի հեռանկարային գործարար կապերի ստեղծմանը»,- ասել է վարչապետը: Կարեն Կարապետյանը համոզմունք է հայտնել, որ Երեւանի եւ Պրահայի միջեւ ուղիղ օդային կապի վերականգնումը կարող է խթանել առեւտրատնտեսական հարաբերություններն ու զբոսաշրջության ոլորտում գործակցությունը: Նա ավելացրել է, որ արդեն իսկ չեխական որոշ ընկերությունների հետ բանակցություններ են տարվում Մեղրիի ազատ տնտեսական գոտում ներգրավվելու ուղղությամբ: Միլան Շտեխը եւս ընդգծել հայ-չեխական կապերի դինամիկ զարգացման փաստը:Չեխիայի խորհրդարանի Սենատի նախագահը հեռանկարային է համարել Հայաստանի միջոցով Եվրասիական ու իրանական շուկաներ դուրս գալու հնարավորությունն ու տնտեսության տարբեր ճյուղերում կապերի ընդլայնումը: Tweet Դիտում՝ 1481