Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ավստրիական «Դոպելմայեր Սեյլբահենեն» ընկերության ծրագրերի ղեկավար Վալերի Յաշինի հետ քննարկել է մայրաքաղաքում նոր ճոպանուղու կառուցման ներդրումային ծրագրի իրականացման հնարավորությունները:Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ ավստրիական ընկերության ներկայացուցիչը Երեւանում էր քաղաքապետարանի հրավերով:Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ Երեւանում նոր ճոպանուղու կառուցումն էական նշանակություն կունենա հասարակական տրանսպորտի բարեփոխումների համատեքստում:«Երեւանի քաղաքապետարանի որդեգրած քաղաքականությունն է՝ զարգացնել զբոսաշրջային ենթակառուցվածքները, ինչն իր հերթին կնպաստի Երեւանը զբոսաշրջային կենտրոն դարձնելու գաղափարի կյանքի կոչմանը: Ճոպանուղու կառուցումն այս տեսանկյունից, վստա՛հ եմ, էականորեն կխթանի ոլորտի զարգացումը: Երեւանի քաղաքապետարանն էլ պատրաստակամ է հնարավորինս աջակցելու ներդրումային նմանօրինակ ծրագրերի իրականացմանը»,- ասել է քաղաքապետը: Վալերի Յաշինն էլ նշել է, որ հաշվի առնելով Երեւանի ռելիեֆային պայմաններն ու տրանսպորտային հոսքերի հետզհետե աճով պայմանավորված խցանումները՝ նոր ճոպանուղու կառուցումը կարող է որոշակիորեն բեռնաթափել մայրաքաղաքի փողոցների երթեւեկությունը:Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերել ձեւավորվելու համատեղ աշխատանքային խումբ, որը կիրականացնի մայրաքաղաքի ենթակառուցվածքների, ծրագրի իրագործման հնարավորությունների եւ տարբերակների մասնագիտական ուսումնասիրություն: Tweet Դիտում՝ 16610