Կառավարությունը խթանում է տեխնոլոգիական ձեռներեցությունը

27.09.2017 | 11:05 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կարեն Կարապետյան #ԱրմԹեք 2017
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ասել է, որ ՀՀ կառավարությունը կարեւորում է գիտելիքի վրա հիմնված տնտեսություն կառուցելու անհրաժեշտությունը:

Այս մասին վարչապետն ասել է «ԱրմԹեք 2017» Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի գլոբալ համաժողովի շրջանակում:

«Վերջին տարիներին Հայաստանն արձանագրել է զգալի առաջընթաց տեղեկատվական եւ բարձր տեխնոլոգիաների զարգացման բնագավառում եւ ունի բոլոր անհրաժեշտ նախադրյալներն ու ներուժը՝ դառնալու տարածաշրջանային կենտրոն եւ կարեւոր դերակատար: 2008-2016 թթ. ընթացքում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գրանցվել է տարեկան միջինը 20-22% աճ, ինչը պայմանավորված է նաեւ ՀՀ կառավարության կողմից ոլորտում իրականացվող արդյունավետ քաղաքականությամբ:

Ներկայումս ՀՀ կառավարության կողմից մասնավոր հատվածի հետ համատեղ հաջողությամբ իրականացվում են բազմաթիվ ծրագրեր, որոնք ուղղված են տեխնոլոգիական ձեռներեցության խթանմանը, արտահանման եւ ներդրումների ծավալների ավելացմանը, վերազգային կազմակերպությունների ներգրավմանը, ոլորտի տարածքային համաչափ զարգացմանը, որակյալ տեխնոլոգիական մասնագետների պատրաստմանն ու կրթական կարողությունների հզորացմանը, ինչն իր հերթին խթանում է համաշխարհային տեխնոլոգիական քարտեզի վրա Հայաստանի կայուն դիրքավորմանը»,- ասել է Կարեն Կարապետյանը:

Կառավարության ղեկավարը կարեւորել է նաեւ համագործակցությունն այնպիսի անդրազգային ընկերությունների հետ, ինչպիսիք են «Սինոփսիս»-ը, «Մենթոր Գրաֆիքս»-ը, «Նեյշնլ Ինստրումենթս»-ը, «Մայքրոսոֆթ»-ը, «Վի Էմ Ուեր»-ը, «Դ-Լինկ»-ը, «Օրաքլ»-ը, «Սիսկո»-ն եւ այլն:

Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ ոլորտի սկսնակ տնտեսավարող սուբյեկտներին տրամադրվում են հարկային արտոնություններ, որի արդյունքում ոլորտում տարեկան ստեղծվում է շուրջ 100 ընկերություն։

«Կարեւորում ենք նաեւ այն, որ տեղեկատվական եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործող հայկական կազմակերպությունները նախկին արտապատվիրման ուղղվածությունից աստիճանաբար վերաճում են հետազոտություններ եւ մշակումներ իրականացնող եւ ամբողջական բարդ ինժեներական լուծումներ առաջարկող կազմակերպությունների, որոնց կողմից թողարկված մրցունակ տեխնոլոգիական լուծումներն ու արտադրանքն իրացվում է ինչպես արտաքին, այնպես էլ` ներքին շուկաներում: Այսօր տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանն ունի լուրջ մրցակցային առավելություններ ինչպես տարածաշրջանի, այնպես էլ այլ երկրների համեմատ»,- ասել է կառավարության ղեկավարը:

Վարչապետը կարեւորել է, որ «Արմթեք 2017»-ն անցկացվում է կիբերանվտանգության թեմայով։

«Տեխնոլոգիաների զարգացման այսօրվա իրավիճակում աշխարհն ունի բազմաթիվ մարտահրավերներ, որոնց լուծումն անհնար է պատկերացնել առանց կիբերանվտանգության, տեղեկատվական անվտանգության խնդիրների լուծման։ Եվ որքան մեզ հաջողվի արդյունավետ լինել այս դաշտում, այդքան ավելի արագ կապահովենք տեխնոլոգիաների մուտքն առօրյա կյանք։ Սա վերաբերում է ոչ միայն կառավարության, այլեւ մեր տնտեսության բոլոր ճյուղերի արդյունավետության բարձրացմանը՝ սկսած բանկային համակարգից, մինչեւ գյուղատնտեսություն»,- ասել է Կարեն Կարապետյանը:
Դիտում՝ 1753
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai