Ինեկոբանկն այսօր ներկայացրել է 2017թ. 1-ին կիսամյակի իր ֆինանսական արդյունքները՝ հայտարարելով 3,6 մլրդ դրամ շահույթ (նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ գրանցելով 81,3% աճ) եւ 15,8% ROE-ի ցուցանիշ։«Բանկը գերազանց արդյունքներ է ապահովել՝ հաջողությամբ պահպանելով առաջատարի իր դիրքը շուկայում ե՛ւ զուտ շահույթով, ե՛ւ ROE-ի ցուցանիշով»,- հայտնել են Ինեկոբանկում: Ակտիվների ծավալը հասել է 240 մլրդ դրամի՝ տարեսկզբի նկատմամբ գրանցելով 1,6% աճ, իսկ համախառն վարկային պորտֆելը գրանցել է 2,9% աճ՝ կազմելով 171 մլրդ դրամ։Մասնավորապես, մանրածախ վարկերի պորտֆելն աճել է 6,1%-ով՝ կազմելով 63 մլրդ դրամ, իսկ կորպորատիվ վարկերի պորտֆելը պահպանել է տարեսկզբի մակարդակը՝ կազմելով 108 մլրդ դրամ։ Իրացվելիության ցուցանիշը (իրացվելի ակտիվների եւ ընդհանուր ակտիվների հարաբերակցություն) հունիսի 30-ի տվյալներով կազմել է 26,6%՝ նվազելով տարեսկզբի 27,2%-ից։Պարտավորությունների ծավալը կազմել է 194 մլրդ դրամ՝ տարեսկզբի նկատմամբ գրանցելով 0,7% աճ։ «Բանկն ունի պարտավորությունների բավականաչափ դիվերսիֆիկացված կառուցվածք, որի 55,7%-ը կազմում են հաճախորդներից ներգրավված միջոցները, իսկ 27,6%-ը միջազգային ֆինանսական կառույցներից ներգրավումներն են»,- նշել են բանկում:Հաճախորդներից ներգրավվումների ծավալը հունիսի 30-ի դրությամբ կազմել է 108 մլրդ դրամ, որի 77,6%-ն անհատների խնայողություններն են, իսկ 22,4%-ը՝ կորպորատիվ եւ ինստիտուցիոնալ սեգմենտների հաճախորդներինը։ Բանկում հայտնել են, որ ակտիվների որակը բարելավվում է՝ հասնելով 2014-2015 թթ․մակարդակին։ NPL ցուցանիշը (չաշխատող վարկերի տեսակարար կշիռն ընդհանուր վարկային պորտֆելում) 2017-ի առաջին կիսամյակի վերջում 6% է կազմել՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բարելավվելով 0,2 տոկոսային կետով։ NPL-ի ծածկման գործակիցը կազմել է 60,4%։Սեփական կապիտալը 2017թ. հունիսի 30-ի դրությամբ կազմել է 46 մլրդ դրամ՝ տարեսկզբի նկատմամբ աճելով 5,6%-ով։ «ՀՀ ԿԲ նորմատիվներով սահմանված կապիտալի համարժեքության գործակիցը կազմել է 15,4%։ Բոլոր հայաստանյան բանկերից պահանջվում է պահպանել սահմանված նորմատիվային կապիտալի նվազագույն 30 մլրդ դրամ մակարդակը եւ կապիտալի համարժեքության նվազագույն 12% ցուցանիշը։ Առ 2017թ. հունիսի 30-ը Ինեկոբանկը համապատասխանում է բոլոր սահմանված նորմատիվային ցուցանիշներին»,- նշել են բանկում: Զուտ տոկոսային եկամուտը 2017-ի առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 12,7%-ով՝ կազմելով 7,5 մլրդ դրամ։ Ընդհանուր գործառնական եկամտի ծավալը հասել է 9 մլրդ դրամի՝ աճելով 10,4%-ով։ «Ծախսերի կրճատմանն ուղղված մեր ջանքերը հանգեցրել են ծախս/եկամուտ (Cost/Income) ցուցանիշի 9,5 տոկոսային կետով բարելավման. տարեսկզբի 39,8%-ից 2017թ. 1-ին կիսամյակի վերջում այն նվազել է 30,4%-ի։ Ընդհանուր գործառնական ծախսերը կազմել են 2,8 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ նվազելով 16,1%-ով»,- հայտարարել են բանկում:Արժեզրկումից կորուստները բարելավվել են 11,8%-ով՝ 2017թ. 1-ին կիսամյակում կազմելով 2,1 մլրդ դրամ։Վարկային ռիսկի ցուցանիշը կազմել է 2,5%՝ 2016թ. 1-ին կիսամյակի համեմատ բարելավվելով 0,5 տոկոսային կետով։2017թ. 1-ին կիսամյակի զուտ շահույթը կազմել է 3,6 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճելով 81,3%-ով։ Tweet Դիտում՝ 16210