Հայաստանում Ամերիկյան առեւտրային պալատի (AmCham) խորհրդի անդամները hուլիսի 5-6-ին այցելել են Վայոց Ձորի եւ Սյունիքի մարզերում գտնվող «Լիդիան Արմենիա» ընկերության Ամուլսարի ոսկու հանքի շինարարության հրապարակ եւ բացահանքերի տարածք եւ ContourGlobal-ի հիդրոկասկադ (Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր) Սյունիքի մարզում:«Լիդիան Արմենիա»-ի տարածած հաղորդագրության համաձայն, Ռիչարդ Միլսն ու AMCHAM-ի Խորհրդի անդամներն այցելել են Ամուլսար ծրագրի շինարարության հրապարակ եւ մոտակա Գնդեվազ համայնքը, որտեղ ծանոթացել են Լիդիանի աջակցությամբ իրականացվող փոքր եւ միջին բիզնեսի զարգացման ծրագրերին: 2006թ. Ամուլսարում հետախուզական աշխատանքներ սկսելուց հետո Լիդիանի ներդրումները Ամուլսարի մոտակա համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերում կազմել է ավելի քան 3 մլն ԱՄՆ դոլար: «Ամուլսարի ծրագրում «Լիդիանի» եւ Որոտանի հիդրոկասկադում «Կոնտուր Գլոբալի» ներդրումները եղել են վերջին տարիների խոշորագույն օտարերկրյա ներդրումները Հայաստանում: Այս ներդրումների հաջողությունը ի ցույց է դնում գործարար դաշտում հավասար պայմանների ապահովման եւ նպաստավոր ներդրումային միջավայր ձեւավորելու Հայաստանի կառավարության հանձնառության կարեւորությունը: Հատկապես ուրախ եմ նկատել, որ այս ներդրումներով Հայաստանում ոչ միայն տնտեսական հնարավորություններ են ձեւավորվում, այլ նաեւ ի հայտ է գալիս կորպորատիվ սոցիալական պատասխանատվության նոր մշակույթ: Որպես Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանը Հայաստանի անդամակցության աջակից՝ մենք հուսով ենք, որ Ամուլսարի հանքավայրում ոսկու կորզման աշխատանքները նոր ուղենիշ կդառնան Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում՝ թափանցիկության, բնապահպանական ու սոցիալական պատասխանատվության եւ արդյունավետ կառավարման հարցերում»,- ասել է Ռիչարդ Միլսը: «Լիդիան ընկերությունը պարտավորվել է Ամուլսարի ծրագիրն իրագործել միջազգայնորեն ընդունված լավագույն մեթոդներով եւ բնապահպանական ու սոցիալական կառավարման ամենաբարձր չափանիշներով: Մենք հուսով ենք, որ կկարողանանք ապացուցել, ինչպես հանքի շինարարության, այնպես էլ շահագործման ընթացքում, որ սոցիալական տեսանկյունից պատասխանատու բիզնես իրականացնելը ոչ միայն հնարավոր է, այլեւ շահավետ է ընկերության համար: Մենք հավատացած ենք, որ Լիդիանի եւ Contour Global-ի Հայաստանում կատարած ներդրումները կնպաստեն Հայաստանի ճանաչմանը միջազգային ներդրումային շուկայում եւ կարող են գրավել ավելի շատ ներդրումներ՝ ի շահ մեր երկրի»,- ասել է «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն եւ AMCHAM-ի խորհրդի անդամ Հայկ Ալոյանը:AmCham-ի նախագահ, «Կոնտուր Գլոբալ հիդրո կասկադ»-ի գլխավոր տնօրեն Արա Հովսեփյանն էլ ասել է, որ կարեւոր է գիտակցել Լիդիանի եւ ContourGlobal ընկերությունների կողմից կատարված ներդրումների կարեւորությունը Հայաստանի տնտեսության համար: «Խոսքը ոչ միայն ֆինանսական արդյունքի, այլ առաջին հերթին աշխատանքային մշակույթի, առողջության եւ անվտանգության բարձր չափանիշների, թափանցիկության եւ օրենքի շրջանակներում գործելու եւ կայուն սոցիալական զարգացման ծրագրերին աջակցելու մասին է: Սա հենց այն արժեքներն են, որոնք Lydian եւ ContourGlobal ընկերությունները պատրաստ են խթանելու Հայաստանի տնտեսությունում գալիք տարիների ընթացքում»,- նշել է Արա Հովսեփյանը: Tweet Դիտում՝ 16802