Հայաստանում խաղողի այգիները կքարտեզագրվեն

13.06.2017 | 10:24 Գլխավոր էջ / Նորություններ /
#Իգնատի Առաքելյան #GIZ #խաղող
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի մոտ նախօրեին քննարկվել է խաղողի այգիների քարտեզագրման հարցը:

Քննարկմանը մասնակցել են Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «Մասնավոր հատվածի զարգացում եւ մասնագիտական կրթություն եւ ուսուցում Հարավային Կովկասում» ծրագրի ղեկավար Վիլհելմ Յուգոն, կարճաժամկետ փորձագետ, քարտեզագրման մասնագետ Անա Լուզը, ծրագրի ավագ փորձագետ Արամ Բաբայանը, ինչպես նաեւ Խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանը:
 
Խաղողի այգիների քարտեզագրումը հնարավորություն կտա համապարփակ տեղեկատվություն ունենալ Հայաստանում աճեցվող խաղողի այգիների վերաբերյալ: Այնուհետեւ ծրագրեր կմշակվեն խաղողագործության եւ գինեգործության իրավական դաշտը կարգավորելու համար:
 
«Խաղողագործությունը գյուղատնտեսության կարեւորագույն ոլորտներից է, ուստի անհրաժեշտ է քարտեզագրել եւ հստակ տվյալների բազա ունենալ, որպեսզի ուսումնասիրելով շուկայի պահանջարկը՝ կարողանանք մեր երկրում զարգացնել խաղողագործությունն ու գինեգործությունը»,- ասել է Իգնատի Առաքելյանը:
 
Նախարարը տեղեկացրել է, որ Խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամը կազմել է հարցաթերթիկ եւ պայմանավորվածություն է ձեռքբերել «Ի-Վի-Էն» գինու ակադեմիայի ուսանողների հետ, եւ նրանք մարզերում արդեն սկսել են առաջնային տեղեկատվության հավաքագրումը:
 
ՀՀ գյուղատնտեսության նախարարը նշել է նաեւ, որ GIS տիեզերական հեռազննման համակարգի ներդրման միջազգային ցանկացած փորձ, որը հնարավոր է տեղայնացնել Հայաստանում, նախարարությունը պատրաստակամ է քննարկել:
 
«Մասնավոր հատվածի զարգացում եւ մասնագիտական կրթություն եւ ուսուցում Հարավային Կովկասում» ծրագրի ղեկավար Վիլհելմ Յուգոն նշել է, որ հունիսի 13-14-ը Երեւանում կմեկնարկի «Կադաստրի համակարգում խաղողի այգու տեղադրման ներուժն ու պահանջները» խորագրով սեմինարը եւ հույս է հայտնել, որ այն հետաքրքրություն կառաջացնի խաղողագործության ոլորտի մասնագետների մոտ:
 
Խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանը տեղեկացրել է, որ սեմինարի ընթացքում կներկայացնեն այն բոլոր ծրագրերը, որոնք նախարարությունը պատրաստվում է իրականացնել խաղողագործության ոլորտում:
Դիտում՝ 45927
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai