ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Հայաստանի զարգացման հիմնադրամի աշխատակազմին է ներկայացրել հիմնադրամի նորանշանակ գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանին:Վարչապետի խոսքով՝ Հայաստանի զարգացման հիմնադրամը հետաքրքիր հարթակ է, որը կարող է մեծապես օժանդակել կառավարության տնտեսական ծրագրերին: «Ակնկալում ենք, որ այստեղ պետք է ձեւավորվի ժամանակակից, ագրեսիվ, ակտուալ թիմ: Հիմնադրամի ղեկավարից սպասում ենք գործունեության արդյունավետության, ներառյալ ֆինանսական կառավարման արդյունավետության եւ համապատասխան հաշվետվողականության բարձրացում: Յուրաքանչյուր ծախսի հետ կապված պետք է ունենանք հստակ, ագրեսիվ հիմնավորում, թե այն ինչին է ծառայելու: Հիմնադրամի գործունեության համար անհրաժեշտ է ապահովել նաեւ լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավում»,- ասել է Կարեն Կարապետյանը: Վարչապետը կարեւորել է հիմնադրամում պետական աջակցության գործիքների կիրառման արդյունավետության գնահատման համակարգի ներդրումը: Կառավարության ղեկավարի խոսքով՝ կառույցը պետք է նպաստի արտահանելի հատվածի ընդլայնմանը, ծավալների ավելացմանը, ներուժ ունեցող կազմակերպություններին տրամադրի որակյալ խորհրդատվություն եւ այլն: «Մենք ամեն կերպ պետք է հասկանանք, թե որն է մեր պոտենցիալը, որ շուկաներում ինչ ներուժ ունենք, եւ առավելագույնս խթանենք արտահանումը: Պետք է նաեւ ներդրումների ոլորտում իրականացնել խթանման միջոցառումներ, քայլեր ձեռնարկել ներդրումային ծրագրերի ներգրավման, օտարերկրյա ընկերությունների սպասարկման, զբոսաշրջության ներուժի իրացման ուղղությամբ»,- ասել է Կարեն Կարապետյանը: Tweet Դիտում՝ 2229