ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) հայաստանյան գրասենյակը եւ ՀԲԸՄ Հայաստանն այսօր Երեւանում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել՝ միավորելով ջանքերը տեղական համայնքների զարգացման գործում Սփյուռքի ներգրավվածությունը խթանելու համար:Ծրագիրն իրականացվելու է Together4Armenia վեբ-հարթակի միջոցով, որը հնարավորություն է ընձեռում Սփյուռքի համապատասխան ոլորտների փորձագետների գիտելիքներն ու հմտությունները փոխանցել տեղական համայնքներին եւ քաղաքացիական հասարակական կազմակերպությունների (ՔՀԿ) ներկայացուցիչներին:«Թեեւ հարթակն ի սկզբանե նախատեսված էր երեխաներին եւ երիտասարդներին վերաբերող խնդիրները լուծելու համար, այդուհանդերձ, այն ուներ նաեւ այլ ոլորտներում (մշակույթ, ինֆորմացիոն տեխնոլոգիաներ, գյուղատնտեսություն) տարածվելու ներուժ: Հայաստանի եւ Սփյուռքի միջեւ այս կապի ամրապնդումը կարեւոր է ոչ միայն մեր աջակցության կարիքն ունեցող, տեղական համայնքներում բնակվող երեխաների, երիտասարդների եւ ընտանիքների համար, այլեւ ապագայում կազմավորվելիք ավելի ընդգրկուն գործընկերությունների տեսանկյունից»,- ասել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը: «ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ մեր գործընկերությունը կարողությունների փոխանակման այս կարեւոր առցանց գործիքի շուրջ՝ ՀԲԸՄ-ին հնարավորություն կընձեռի գործարկել Սփյուռքի ներուժը: Սփյուռքի ուղղորդված ներգրավումը ռազմավարական առաջնահերթություն է ՀԲԸՄ-ի համար: Այն մեզ կօգնի դառնալ կողմերը միմյանց կապող վստահելի հարթակ՝ տեւական լուծումների միջոցով ձեւավորելու հզոր Հայաստան»,- նշել է ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանը:Together4Armenia-ն ձեւավորվել էր «Աշխատանքային միգրացիայի սոցիալական հետեւանքների մեղմացում» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվել է Եվրամիության եւ իրականացվել ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից: Միանալով հարթակին՝ ՀԲԸՄ Հայաստանն իրականացնելու է իր Bridge for CSOs ծրագիրը, որը եւս ֆինանսավորվում է ԵՄ-ի կողմից: Ծրագրի նպատակն է բարելավել տեղական ՔՀԿ-ների կարողությունները: Tweet Դիտում՝ 1995