ՀՀ Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանն այսօր կառավարությունում ներկայացրել է պետական մասնակցությամբ առեւտրային կազմակերպությունների տնտեսական գործունեության վերլուծությունը:Վերջինի համաձայն՝ 2015-ին ֆինանսատնտեսագիտական վերլուծության ենթարկված 194 կազմակերպությունների միջին շահութաբերությունը (ըստ ակտիվների) կազմել է 1,2%, ակտիվների մեծությունը՝ 752 225 558 000 դրամ, շահույթի ընդհանուր ծավալը՝ 8 947 800 000 դրամ: Եթե կազմակերպություններն առաջիկայում աշխատեն բանկային վերաֆինանսավորման 6% շահութաբերությամբ, ապա շահույթի ծավալը կկազմի 45 մլրդ դրամ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նկատել է, որ շահութաբերության բարձր ցուցանիշներ արձանագրած ձեռնարկությունները հիմնականում պետպատվեր ստացողներն են:«Այս վիճակագրության մեջ մի պարզ ճշմարտություն կա. որտեղ մենք միջամտում ենք, այնտեղ շահույթ կա, որտեղ չենք միջամտում, շահույթ չկա: Անհրաժեշտ է շահութաբերության ցուցանիշը բարձրացնել: Այն, որ ներկայիս միջին շահութաբերությունը շատ ցածր է, չի նշանակում, որ պետք է առաջ գնանք 6 տոկոս շահութաբերությամբ: Յուրաքանչյուր նախարար պետք է ուսումնասիրի իր ենթակայությամբ գործող հիմնարկների վերջին երեք տարիների գործունեությունը: Այն ղեկավարը, ով անհույս է՝ պետք է հեռացնել, իսկ նա, ով ներկայացնում է նորմալ ծրագիր՝ ավանսով պետք է նորից նշանակել: Նախարարները պետք է հստակ յուրաքանչյուր ձեռնարկության վերաբերյալ ներկայացնեն առաջարկություն»,- ասել է վարչապետը:Կառավարության ղեկավարի խոսքով՝ վերլուծությամբ պետք է հասկանալ, թե 194 ձեռնարկությունից որն է սեփականաշնորհվում:«Յուրաքանչյուր ձեռնարկության վերաբերյալ ինձ պետք է ներկայացնեք կանխատեսում, թե ինչ ենք անելու դրա հետ, նաեւ հանդես գաք վարչական, իրավական, բիզնես առաջարկներով»,- հավելել է Կարեն Կարապետյանը: Կառավարության ղեկավարը հանձնարարել է սահմանել հստակ ժամանակացույց, ըստ որի՝ նախարարներն անհատական կարգով պետք է ներկայացնեն իրենց համակարգման ոլորտում գտնվող պետական մասնակցությամբ ձեռնարկությունների գործունեության վերլուծություն եւ առաջարկություններ: Արման Սահակյանը նշել է, որ պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թթ. ծրագրով նախատեսվում է մասնավորեցնել պետական բաժնեմաս ունեցող 41 առեւտրային կազմակերպություն: Վարչապետը հանձնարարել է ծրագիրը դնել շրջանառության մեջ, իսկ շահագրգիռ գերտեսչություններին՝ մեկ շաբաթվա ընթացքում դրա վերաբերյալ ներկայացնել առաջարկություններ: Tweet Դիտում՝ 3361