Հայաստանի պատմության թանգարանում այսօր բացվել է ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի «Թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության ազգային պահուստի պատմամշակութային արժեքների ցուցադրությունը:Ութ ցուցանմուշները Հայաստանի պատմության թանգարանում կցուցադրվեն երկու ամիս եւ հասանելի կլինեն թանգարանի բոլոր այցելուներին:Ցուցանմուշները ներկայացնում են տղամարդու 4 եւ կանացի 2 արծաթյա գոտի (18-20-րդ դարեր), 1 արծաթյա կախազարդ եւ դաշույն՝ իր պատյանով (19-րդ դար): ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը նշել է, որ առաջիկայում ցուցանմուշների շարքը կհամալրվի: «Առանձնացրել ենք պատմամշակութային արժեք ունեցող նմուշներ, առաջիկայում գանձարանը նախատեսում է ցուցադրել ընդհանուր թվով 50 նմուշ, որոնք, որպես պատմամշակութային արժեք, հետաքրքրիր կարող են լինել հանրության համար»,-նշել է փոխնախարարը: «Թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության պետ Վահե Առաքելյանն էլ ցուցադրությունն «աննախադեպ» է որակել, «քանի որ 1992-ից՝ գանձարանի ստեղծումից ի վեր, նմուշները երբեք չեն ցուցադրվել հանրությանը»:Հիշեցնենք, որ գանձարանի նմուշները ցուցադրության հանելու որոշումն ընդունվել էր ՀՀ կառավարության կողմից: Tweet Դիտում՝ 5018