Եվրամիության «Որակավորումների բարելավում ավելի լավ աշխատատեղերի համար» (Better Qualifications for Better Jobs) նոր ծրագիրը կաջակցի Հայաստանում գյուղատնտեսական մասնագիտությունների զարգացմանը:Այս մասին այսօր ասել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության նախնական եւ միջին մասնագիտական կրթության վարչության պետի պաշտոնակատար Արտակ Աղբալյանը` Մասնագիտական կրթության եւ ուսուցման զարգացման ազգային խորհրդի (ՄԿՈՒԶԱԽ ) այս տարվա առաջին նիստի ժամանակ: Նրա խոսքով` ոլորտի ընտրությունը պայմանավորված է ՀՀ կառավարության առաջարկությամբ եւ սահմանած առաջնահերթությամբ, ինչպես նաեւ ԵՄ-ի համար նախընտրելի մոտեցմամբ:«Սա 2007թ. մեկնարկած 12 տարածաշրջանային քոլեջների հիմնադրման ծրագրի տրամաբանական շարունակությունն է: Հունվարից մեկնարկած նոր ծրագիրը նախատեսում է գյուղատնտեսական քոլեջների աջակցություն եւ ագրոմասնագիտությունների հզորացում»,- նշել է Արտակ Աղբալյանը:ԵՄ աջակցության նոր ծրագրով թիրախային են դիտարկվելու 8 գյուղատնտեսական քոլեջներ: Ակնկալվում է, որ 2020թ.՝ ծրագրի ավարտից հետո, ՀՀ կրթական համակարգը կունենա վերանորոգված եւ տեխնիկապես վերազինված ուսումնական հաստատություններ, որտեղ կարող են պատրաստվել մրցունակ ագրոմասնագետներ: Ծրագրի շրջանակում նախատեսվում է նաեւ գյուղատնտեսական մասնագիտությունների չափորոշիչների վերանայում եւ մշակում, դասավանդողների վերապատրաստում, աշխատանքի վրա հիմնված կրթական ծրագրերի իրականացում:Ակնկալվում է գործատուների հետ համագործակցության ակտիվացում եւ ընդլայնում, ինչպես նաեւ բոլոր հաստատություններում կարիերայի կենտրոնների ստեղծումը: Tweet Դիտում՝ 3012