Հայաստանը կմասնակցի հունիսի 10-ից սեպտեմբերի 10-ը Աստանայում կայանալիք «Ապագայի էներգիա» խորագրով համաշխարհային ցուցահանդեսին: Համապատասխան պայմանագիրն այսօր ստորագրել են ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանն ու ցուցահանդեսի գլխավոր հանձնակատար Ռապիլ Ժոշիբաեւը:Միջոցառման շրջանակում կցուցադրվեն «կանաչ» էներգետիկայի զարգացման բնագավառում վերջին տարիների լավագույն ձեռքբերումները: Այս պահի դրությամբ էքսպոյին մասնակցության հայտ է ներկայացրել 112 երկիր եւ 18 միջազգային կազմակերպություն:«Ակնկալում ենք, որ Հայաստանը լավ կներկայանա ցուցահանդեսին: Այն կարտացոլի մեր ընկերական հարաբերություններն ու խթան կդառնա տնտեսական կապերի զարգացման համար»,- ասել է Ռապիլ Ժոշիբաեւը:«Կանաչ էներգետիկայի ոլորտում հայաստանյան կազմակերպությունները շատ մեծ առաջարկներ ունեն ներկայացնելու: Այն շատ լայն հնարավորություն կստեղծի, որպեսզի այդ ոլորտում մեր զարգացումները մենք կարողանանք այդ հարթակի միջոցով ներկայացնել միջազգային հանրությանը»,- նշել է Սուրեն Կարայանը` հավելելով, որ Հայաստանին ցուցահանդեսում կտրամադրվի երկու հարթակ, որոնցից մեկը կլինի հենց էքսպոյի խորագրին համահունչ, իսկ մյուսում կներկայացվեն զբոսաշրջության եւ ակնագործության ոլորտները: Tweet Դիտում՝ 3002