Ըստ Gallup International Ասոցիացիայի hայաստանյան ներկայացուցչության կողմից կազմակերպված հետազոտության արդյունքների՝ Հայաստանում լավագույն ապահովագրական ընկերություն է ճանաչվել Ռոսգոսստրախ Արմենիան: Ռոսգոսստրախ Արմենիա ընկերության տարածած հաղորդագրության համաձայն՝ սա երրորդ հետազոտությունն է, եւ 3-րդ տարին անընդմեջ Ռոսգոսստրախ Արմենիան ստանում է սպառողների ամենաբարձր գնահատականները եւ՛ Երևանում, եւ՛ մարզերում: «Հայաստանի Լավագույն Ապահովագրական ընկերություն 2016» դիպլոմը Ռոսգոսստրախ Արմենիա ընկերության ներկայացուցչին հանձնել է Gallup International Ասոցիացիայի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը:«Ամբողջ Հայաստանի տարածքում անցկացված հարցումների արդյունքում Ռոսգոսստրախ Արմենիա ընկերությունը գրանցում է ամենաբարձր արդյունքներն արդեն 3-րդ անգամ անընդմեջ: Ընկերությունն ունի շատ բարձր ճանաչողություն հասարակության շրջանում, տրամադրում է բարձր որակի ծառայություններ, ու սպառողը ճանաչում է Ռոսգոսստրախ Արմենիան որպես իր բնագավառում լավագույնը»,- նշել է Արամ Նավասարդյանը, ավելացնելով, որ սպառողները կարեւորում են սպասարկման բոլոր փուլերի բարձր որակը՝ ինչպես պայմանագրերի ձեւակերպումը, այնպես էլ հատուցման գործընթացը: «Սա երկար տարիների հետեւողական աշխատանքի արդյունք է: Ուզում եմ շնորհակալություն հայտնել ընկերության հաճախորդներին, անձնակազմին եւ գործակալներին, որովհետեւ բոլորն ունեն իրենց ուրույն ներդրումը: Մենք կանգ առնելու մտադրություն չունենք, ծառայությունների որակի բարելավման աշխատանքները շարունակվելու են»,- ասել է Ռոսգոսստրախ Արմենիա ապահովագրական ընկերության գործադիր տնօրենի տեղակալ Վահագն Աղավելյանը: Tweet Դիտում՝ 12756