Քաղաքապետարանը ձեռք կբերի «Փարկինգ Սիթի Սերվիս»-ի 100% բաժնեմասը

16.11.2016 | 17:42 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանն այսօր ներկայացրել է «Փարքինգ Սիթի Սերվիս» եւ «Լոկատոր» ընկերությունների հետ բանակցությունների արդյունքները:

Փոխքաղաքապետի խոսքով՝ բանակցությունների ընթացքում «Փարկինգ Սիթի Սերվիս»-ը նշել է, որ ընկերությունը ծանրաբեռնված է ինչպես ներդրված ակտիվներով, այնպես էլ այդ ակտիվների ձեռք բերման համար ստանձնած պարտավորություններով` փոխառու միջոցներով:

«Երեւանի քաղաքապետարանը համաձայնության է եկել որպես նվիրատվություն ձեռք բերելու «Փարկինգ Սիթի Սերվիս» ընկերության 100 տոկոս բաժնեմասը, այն պայմանով, որ ձեռք բերման պահին ընկերության ակտիվները պետք է հավասար կամ ավելի լինեն պարտավորություններից, ընդ որում՝ այդ փաստը պետք է հստակ ամրագրվի արտասահմանյան հեղինակավոր աուդիտորական կազմակերպության կողմից: Միաժամանակ, հաշվի առնելով ծառայությունների համար ներդրված սարքավորումների արդյունավետ շահագործման փորձ ունենալու հանգամանքը՝ ձեռք բերված համաձայնության շրջանակում Երեւանի քաղաքապետարանը նախատեսում է «Փարկինգ Սիթի Սերվիս»-ի բաժնետոմսերը հավատարմագրային կառավարման հանձնել «Լոկատոր» ՓԲԸ-ին: Արդյունքում վճարովի ավտոկայանատեղերի կազմակերպման համար անհրաժեշտ ամբողջ գույքը կդառնա համայնքային սեփականություն, իսկ արդեն Երեւանի ենթակայությանն անցած ընկերությունը Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ կստանձնի այդ ակտիվներին համարժեք պարտավորությունների մարման գործընթացը»,- ասել է Վահե Նիկոյանը:

Հաջորդ քայլով Երեւանի քաղաքապետարանը փոխադարձ համաձայնությամբ վաղաժամկետ կլուծի «Փարկինգ Սիթի Սերվիս»-ի կնքված «Երեւան քաղաքում վճարովի ավտոկայանատեղերի կազմակերպման ծառայությունների մատուցման» գնման պայմանագիրը, որը ենթադրում էր վճարման հայտնի 70-30 հարաբերակցությունը: Փոխարենը ՀՀ կառավարության համաձայնությամբ ուղղակի եղանակով մինչեւ 10 տարի ժամկետով կկնքի երկու պայմանագիր, որոնցից առաջինը «Փարկինգ Սիթի Սերվիս»-ի հետ՝ վճարովի  ավտոկայանատեղերի կազմակերպման ծառայությունների մատուցման նպատակով՝ դրա համար անհրաժեշտ հաշվարկված եւ ֆիքսված գումարի չափով՝ հստակ սահմանելով ծառայության մատուցման չափորոշիչները:

Երկրորդ պայմանագիրը կլինի «Լոկատոր ՓԲԸ-ի հետ՝ բաժնետոմսերի հավատարմագրային կառավարման ծառայության ձեռքբերման համար:

Պայմանագրով հստակ կսահմանվեն այն նվազագույն արդյունքները, որոնք պետք է ապահովի «Փարկինգ Սիթի Սերվիս»-ը, եւ որոնք պետք է պակաս չլինեն նախորդ ժամանակահատվածում ձեռք բերված առավելագույն արդյունքից, որի դիմաց «Լոկատոր» ՓԲԸ-ն կվարձատրվի հստակ ամրագրված գումարի չափով:

«Գործարքի արդյունքում վճարովի ավտոկայանատեղերի կազմակերպման համար ներդրված ակտիվները կդառնան համայնքային սեփականություն, իսկ ավտոկայանատեղերի տուրքից Երեւանի բյուջե հավաքագրվող գումարները (հանած ծախսերը) առաջիկա տարիների ընթացքում կաճեն տարեկան առնվազն 100 մլն դրամով, իսկ դրանից հետո՝ տարեկան առնվազն 400 մլն դրամով»,- նշել է Վահե Նիկոյանը՝ հավելելով, որ գործընթացի ամբողջական ավարտի համար կպահանջվի շուրջ 2 ամիս:

Անդրադառնալով վճարովի ավտոկայանատեղերի համար սահմանված տուրքերի հնարավոր փոփոխման հարցին՝ Վահե Նիկոյանն ընդգծել է, որ 2017թ. տեղական տուրքերի դրույքաչափերը սահմանելու վերաբերյալ ավագանու որոշման նախագիծն այս պահին հանրային քննարկման փուլում է եւ դրանով առաջիկայում դրույքաչափերի որեւէ փոփոխություն չի նախատեսվում:

Դիտում՝ 3688
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW