ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն ընդունել է Կոնվերս Բանկի խորհրդի նախագահ Արմեն Տեր-Տաճատյանին եւ խորհրդի անդամ Խուան Կարլոս Օսկոիդիին: Գյուղատնտեսության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ նախօրեին կայացած հանդիպման նպատակն էր քննարկել գյուղատնտեսության ոլորտում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունը: Նախարարը ներկայացրել է նոր կառավարության ծրագրով գյուղատնտեսության ոլորտի զարգացման ուղղված առաջնահերթությունները` կարեւորելով այդ աշխատանքներում մասնավոր հատվածի ներգրավումը եւ համատեղ ծրագրերի իրականացումը: «ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը բաց է բոլոր առաջարկների համար եւ պատրաստակամ քննարկել գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը նպաստող ծրագրեր, որոնք հետաքրքիր կլինեն Ձեզ համար»,- ասել է Իգնատի Առաքելյանը: Նախարարի խոսքով՝ գյուղատնտեսության ոլորտի տարբեր ճյուղերում` մասնավորապես կաթի արտադրության կազմակերպման, բերքի իրացման, գինեգործության, ինտենսիվ այգիների հիման գործում առկա են բազմաթիվ խնդիրներ, որոնց լուծման համար այսօր գյուղացին եւ արտադրողը չունեն բավարար միջոցներ եւ պատրաստ չեն ներդրումներ անել, եւ առաջարել է կողմերի ներգրավման միջոցով իրականացնել պիլոտային ծրագիր: Խուան Կարլոս Օսկոիդիին դրական է արձագանքել նախարարի առաջարկին եւ առաջարկել նախարարության կոորդինացման ներքո ստեղծել «գյուղատնտեսական սեղան», որի շուրջ կհամախմբվեն շղթայում ընդգրկված բոլոր կողմերը` արտադրող, վերամշակող, պետություն, ֆինանսական կառույց, ինչպես նաեւ ներկայացնել կոնկրետ ուղղություն, որտեղ քաղաքականության տեսանկյունից առավել նախընտելի է իրականացնել փորձնական ծրագիրը:Կոնվերս Բանկի խորհրդի ներկայացուցիչն ընդգծել է, որ իրենք պատրաստ են անմիջապես անցնել այդ աշխատանքների կատարմանը: Tweet Դիտում՝ 9595