“Յունիբանկ”-ում մեկնարկեց ABN AMRO բանկի ծրագիրը` ռիսկերի կառավարման գործընթացների բարելավման ծրագրի շրջանակներում

13.02.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 13 փետրվարի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. “Յունիբանկում” մեկնարկել է ABN AMRO բանկի ծրագիրը` “Ռիսկերի կառավարման գործընթացների բարելավման ծրագրի” ներդրման շրջանականերում:

“Յումիբանկի” մամլո ծառայությունում ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնեցին, որ փետրվարի 5-ին հնգօրյա աշխատանքային այցով Հայաստան էին ժամանել ABN AMRO բանկի ներկայացուցիչները:

Ինչպես նշեց ABN AMRO բանկի Ռիսկերի խորհրդատվական ծառայության ավագ խորհրդատու, ծրագրի պատասխանատու Լլոյդ Ռոլստոնը, ծրագրի հիմնական նպատակը հայաստանյան բանկում ռիսկերի կառավարման ոլորտում միջազգային փորձի ներդրումն է, ինչը առավել մրցունակ եւ վստահելի կդարձնի բանկը ինչպես տեղական, այնպես էլ` օտարերկրյա գործընկերների համար: 14 ամիս տեւողությամբ ծրագիրը ենթադրում է մի շարք համալիր միջոցառումների իրականացում, որոնք ուղղված կլինեն բանկում նոր համակարգերի ներդրմանն ու գործող ընթացակարգերի կատարելագործմանը: Մասնավորապես, ծրագրի շրջանակներում “Յունիբանկ”-ում նախատեսվում է ստեղծել Ռիսկերի կառավարման դեպարտամենտ, որը կիրականացնի եւ կվերահսկի բոլոր ռիսկային գործոնների կառավարումն ու բանկային գործիքներում դրանց կիրառելիությունը:

Այս տարի “Յունիբանկում” նախատեսվում է նաեւ մշակել եւ ներդնել ռիսկերի կառավարման հայեցակարգ, կառավարման երկարաժամկետ ռազմավարություն, բանկի գործադիր մարմնի գործառույթների եւ իրավասությունների հստակ տարանջատման եւ դրանց իրականացման վերահսկման համակարգի կատարելագործում, կառուցվածքային ներքին փոփոխություններ:

Լլոյդ Ռոլստոնի խոսքերով, առաջատար մոտեցումներ կկիրառվեն նաեւ կադրային քաղաքականության իրականացման հարցում: Մասնավորապես, "Յունիբանկ"-ի ղեկավարներն ու մասնագետները փորձի փոխանակման նպատակով պարբերաբար կմասնակցեն ABN AMRO-ի կողմից կազմակերպվող սեմինարներին: Կկրկնապատկվի նաեւ մասնագետների վերապատրաստման դասընթացների եւ ատեստավորման անցկացման հաճախականությունը:
Ծրագրի իրականացման ընթացքում առանձնակի ուշադրություն կհատկացվի նաեւ բանկում ՙռիսկի մշակույթի՚ համակարգի ներդրմանը:

Ծրագրի իրականացման իրավունքը ՙՅունիբանկ՚-ին վերապահվել էր 2006թ.-ին անցկացված մրցույթի արդյունքում: Մասնակիցների ընտրությունը կատարվել էր երկու փուլով` բանկերից ստացված հարցաթերթիկների ամփոփման եւ բանկերի ղեկավարության հետ անցկացված հարցազրույցների միջոցով:

ABN AMRO բանկը աշխարհի խոշորագույն բանկերից մեկն է, որն ունի 4500 մասնաճյուղ աշխարհի 53 երկրներում:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 8528
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW