Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը հայաստանյան բանկերից առաջինը սկսել է իրականացնել ճապոնական JCB վճարային համակարգի քարտերի էքվայրինգ: Ինչպես նշել է Առէկսիմբանկի գլխավոր տնօրենի տեղակալ Ռուբեն Խաչատրյանը, սա կարեւոր նշանակություն ունի Հայաստանում վճարային համակարգի զարգացման գործում եւ եւս մեկ քայլ է բանկի վճարային պրոդուկտների ընդլայնման ուղղությամբ: «Քարտերի ընդունման կետերի քանակով JCB համակարգն առաջատար տեղ է զբաղեցնում Visa եւ MasterCard խոշորագույն վճարային համակարգերի շարքում: JCB քարտերը կարելի է օգտագործել ամենօրյա գնումների եւ գումարի կանխիկացման համար ինչպես եվրոպական երկրներում, այնպես էլ ԱՄՆ-ում, Կանադայում, Ռուսաստանում, հատկապես` դեպի Ասիա-խաղաղօվկյանոսյան երկրներ ճամփորդության ժամանակ, օրինակ` Ճապոնիա, Չինաստան, Թայլանդ եւ Հոնկոնգ»,- նշել է նա: Ռուբեն Խաչատրյանը վստահեցրել է, որ բանկի հաճախորդներն «արժանվույնս կգնահատեն վճարային համակարգի առաջարկած ծառայության բարձր մակարդակը»:«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը Հայաստանում քարտային բիզնեսի հիմնադիրն է` մինչ օրս մնալով տվյալ ոլորտում Հայաստանի բանկային համակարգի առաջատարներից մեկը: Բանկը միջազգային Visa, MasterCard եւ АrCa լոկալ վճարային համակարգերի լիիրավ անդամ է: Visa համակարգի կողմից առաջինն է Հայաստանում հավաստագրվել համացանցում էքվայրինգ իրականացնելու համար: Բանկն առաջարկում է քարտային բիզնեսի բոլոր ժամանակակից տեխնոլոգիաներն ու ծառայությունները»,- ասված է բանկի տարածած հաղորդագրությունում: JCB-ն միջազգային վճարային համակարգ է, որը հիմնադրվել է 1961թ. Ճապոնիայում: Ներկայում աշխարհում գործում է ավելի քան 95,6 մլն JCB քարտապան եւ 31,1 մլն-ից ավելի JCB քարտեր ընդունող առեւտրի եւ սպասարկման կետեր` աշխարհի 190 երկրներում, իսկ JCB քարտերով իրականացվող գործարքների տարեկան շրջանառությունը 2015թ. կազմել է $205,2 մլրդ: Tweet Դիտում՝ 19305