Այսօր Երեւանի քաղաքապետարանում քննարկվել են «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագրի մշակման եւ դրա իրագործելիության հետ կապված մի շարք հարցեր:Ծրագիրն իրականացվում է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ, խորհրդատուն Ernst and Young ընկերությունն է:«Երեւան քաղաքի բնակչության թվի շարունակական աճի պարագայում քաղաքի համար էական նշանակություն ունի քաղաքացի-շրջակա միջավայր հավասարակշռության ապահովումը: Ակնկալում ենք բնապահպանական զգալի դրական ազդեցություն, արտանետումների ծավալների նվազեցում եւ բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործում», - ասել է Երեւանի փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը:ՎԶԵԲ ներկայացուցիչ Լին Օտրեդին էլ նշել է, որ ծրագրի իրագործման արդյունքում ակնկալվող փոփոխություններն իրենց դրական ազդեցությունը կունենան ոչ միայն Երեւանի, այլեւ հանրապետության ու տարածաշրջանի համար:Գործընթացը բաղկացած է լինելու 4 հիմնական փուլից: Խորհրդատու կազմակերպության կողմից կիրականացվի Երեւան քաղաքում առկա իրավիճակի ուսումնասիրություն, եւ Երեւանի քաղաքապետարանի հետ համատեղ կմշակվեն ներդրումային ծրագրեր՝ հասարակական տրանսպորտի, ջրամատակարարման, կեղտաջրերի մաքրման, էներգախնայող ջեռուցման համակարգերի կիրառման եւ քաղաքային կոշտ թափոնների կառավարման բնագավառներում:«Կանաչ քաղաք» գործողությունների ծրագրի համապարփակ իրականացման արդյունքում նախատեսվում է CO2 գազի արտանետման ծավալները նվազեցնել՝ այն համապատասխանեցնելով ԱՀԿ չափանիշներին, նաեւ ներգրավել հավելյալ դրամաշնորհային միջոցներ՝ բնապահպանական ծրագրերի իրականացման համար: Ակնկալվում է, որ ծրագրի բոլոր փուլերում ակտիվորեն ներգրավված են լինելու մայրաքաղաքի բնակչությունը, կազմակերպվելու են հանրային լսումներ: Tweet Դիտում՝ 18848