Թեհրանում կայանալիք էքսպոյում կներկայացվի նաեւ ՀՀ ֆինանսական ոլորտը

13.09.2016 | 12:54 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Թեհրանի միջազգային ցուցահանդեսների սրահում հոկտեմբերի 5-8-ը տեղի կունենա «Հայաստան էքսպո» հայկական ապրանքների եւ ծառայությունների ցուցահանդեսը, որն իր տեսակով առաջինն է Իրանում:

Միջոցառման կազմակերպիչներն են Թեհրանում ՀՀ դեսպանությունը, Հայաստանի զարգացման հիմնադրամն ու Իրանի միջազգային ցուցահանդեսների ընկերությունը:

Ինչպես նշված է Թեհրանում ՀՀ դեսպանության պաշտոնական կայքում, ցուցահանդեսը կնպաստի Հայաստանի եւ Իրանի միջեւ առեւտրատնտեսական կապերի զարգացմանը, փոխադարձ ներդրումների խրախուսմանը, զբոսաշրջության զարգացմանն ու առեւտրական գործարքների դյուրացմանը:
 
«Ցուցահանդեսը կօգնի իրանցի արդյունաբերողներին եւ գործարարներին ծանոթանալ առեւտրի եւ արդյունաբերության ոլորտում Հայաստանի ձեռքբերումներին եւ կարողություններին, կայուն եւ երկարատեւ գործարար համագործակցության հաստատման համար»,- ասված է հաղորդագրությունում:

Դեսպանությունում ընդգծել են նաեւ, որ Հայաստանը Իրանի հետ ցամաքային սահման ունեցող Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միակ անդամ երկիրն է:

Ցուցահանդեսին կմասնակցեն ընկերություններ տարբեր ոլորտներից, այդ թվում` գյուղատնտեսական մթերքների վերամշակում, սննդի արտադրություն, բժշկական եւ դեղորայքային արտադրանք, շինարարություն, արդյունաբերություն, բանկային ոլորտ, տեղեկատվական տեխնոլոգիաներ եւ այլն:

Ֆինանսական ոլորտի ընկերություններից, մասնավորապես, կմասնակցեն Ամերիաբանկը, Յունիբանկը, Հայբիզնեսբանկը, «Ինգո Արմենիա»-ն, ինչպես նաեւ Telcell ընկերությունը:

«Հայաստան էքսպո»-ի մասնակից ընկերությունների ամբողջական ցանկին կարելի է ծանոթանալ այստեղ:

Դիտում՝ 12112

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW