ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշել է Շիրակի մարզպետարանին հատկացնել 41,7 մլն դրամ՝ Արթիկ համայնքում տեղի ունեցած հեղեղումների հետեւանքով վնասներ կրած բնակիչներին աջակցություն ցուցաբերելու համար:Գործադիրի որոշման համաձայն՝ 22,3 մլն դրամ կհատկացվի վնասված շենք-շինությունների բնակիչներին, եւս 2,43 մլն դրամ կուղղվի Արթիկում հեղեղումների հետեւանքով անկած գյուղատնտեսական կենդանիների եւ մշակաբույսերի ցանքատարածություններին պատճառված վնասի դիմաց աջակցություն ցուցաբերելու համար: Հեղեղատարների մաքրման նպատակով կհատկացվի 16,9 մլն դրամ:ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանի փոխանցմամբ՝ Արթիկի բնակիչներին յուրաքանչյուր բնակարանի վնասի համար հատկացվելու է մինչեւ 4,6 մլն դրամ, որը բավարար է կեցության նորմալ պայմաններ ստեղծելու համար:Նրա խոսքով՝ Արթիկում հեղեղումների հետեւանքով անկած կենդանիների եւ մշակաբույսերի ցանքատարածություններին պատճառված վնասի դիմաց յուրաքանչյուր ընտանիքի կփոխհատուցվի, համապատասխանաբար, 650 հազ. դրամ եւ 1,7 մլն դրամ: Դավիթ Լոքյանը տեղեկացրել է, որ քաղաքում շարունակվում են վերականգնողական ակտիվ աշխատանքները, վերացվում են հեղեղի հետեւանքները. գազամատակարարումը, ջրամատակարարումը, էլեկտրականությունը հիմնականում վերականգնվել է: Tweet Դիտում՝ 3755