ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված կամ մահացած, անհայտ կորած, հաշմանդամ ճանաչված՝ զինվորական ծառայության մեջ չգտնվող անձանց մասին որոշման նախագիծը:Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի փոխանցմամբ՝ նախագիծը պայմանավորված է 2016թ. ապրիլի 1-ից հետո Ադրբեջանի կողմից զինադադարի համաձայնագրի խախտման կապակցությամբ կամավորական ջոկատների կազմում մարտական գործողությունների գոտի մեկնած եւ զոհված անձանց ընտանիքների անդամներին, ինչպես նաեւ հաշմանդամ դարձածներին սոցիալական երաշխիքներ տրամադրելու անհրաժեշտությամբ: Նախագծով սահմանվում է, որ նշված խմբերի սոցիալական ապահովությունն իրականացվելու է զինծառայողի համար սահմանված կարգով:Հաշվի առնելով զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու կարգը՝ նախատեսվում է, որ զոհված կամավորականի կենսաթոշակային ապահովությունն իրականացվում է պայմանագրային ծառայության շարքային կազմի «ավագ սերժանտ» զինվորական կոչում եւ 20 տարվա զինվորական ծառայության ստաժ ունեցող զոհված զինծառայողի ընտանիքի անդամի համար սահմանված կարգով, իսկ հաշմանդամ դարձած կամավորականինը՝ պայմանագրային ծառայության շարքային կազմի «ավագ սերժանտ» զինվորական կոչում եւ 20 տարվա զինվորական ծառայության ստաժ ունեցող զինծառայողի համար սահմանված կարգով: Իրավական ակտի կիրառման արդյունքում կամավորական ջոկատների կազմում ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված եւ հաշմանդամ դարձած անձանց սոցիալական երաշխիքները կհավասարեցվեն ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված եւ հաշմանդամ դարձած զինծառայողների սոցիալական երաշխիքներին: Tweet Դիտում՝ 2527