Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր հայտարարել է, որ ապրիլի սկզբին առաջնագծում զոհված, վիրավոր եւ հաշմանդամություն ձեռք բերած երեւանաբնակ զինծառայողների ընտանիքներին դրամական աջակցություն կցուցաբերվի: «Խիստ կարեւոր էր այս հարցում հասցեական մոտեցումը, համաձայն որի եւ կայացրել եմ իմ որոշումը: Ըստ այդմ, երեւանաբնակ զոհված զինծառայողների ընտանիքներից յուրաքանչյուրին կցուցաբերվի 1,5 մլն դրամի ֆինանսական աջակցություն, հաշմանդամություն ձեռքբերած երեւանաբնակ զինծառայողներին՝ 1 միլիոն դրամ, իսկ վիրավորների ընտանիքներին՝ 500-հազարական դրամի ֆինանսական աջակցություն»,- ասել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:Նա անդրադարձել է նաեւ Երեւան քաղաքի 2016թ. հաստատված բյուջեի մշակութային միջոցառումների համար նախատեսված ֆինանսական միջոցների վերանայման հնարավորության հետ կապված հանձնարարականին:«Մշակութային միջոցառումների համար նախատեսված ֆինանսական միջոցների վերանայման արդյունքում՝ որոշեցինք կրճատել մասնավորապես «Էրեբունի-Երեւան» տոնակատարության համար նախատեսված ֆինանսական միջոցները, որի հաշվին էլ կիրականացվի դրամական աջակցությունը ընտանիքներին»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:Երեւանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանն էլ զեկուցել է, որ քաղաքապետարանի եւ վարչական շրջանների աշխատակազմերի անունից ԼՂՀ կառավարությանը փոխանցվել է 20 մլն դրամ: Tweet Դիտում՝ 13485