Համաշխարհային բանկն այսօր հաստատել է $30 մլն արժողությամբ վարկ՝ «Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգի ֆինանսական առողջացման արդյունաքահենք ծրագրի» (ԱՀԾ) համար: ՀԲ հայաստանյան գրասենյակում նշել են, որ այս ծրագիրը կօժանդակի կառավարության, բավարար եւ հուսալի էլեկտրաէներգիայի մատակարարման ջանքերին՝ բարելավելով էլեկտրաէներգիա արտադրող պետական ընկերությունների ֆինանսական վիճակը եւ կառավարումը եւ էլեկտրաէներգիայի բաշխիչ մասնավոր ընկերության ֆինանսական վիճակը:«Էլեկտրաէներգիա արտադրող պետական ընկերությունների ֆինանսական վիճակի եւ կառավարման բարելավումը եւ էլեկտրաէներգիայի բաշխիչ մասնավոր ընկերության հետ ավելի լավ կառավարվող ֆինանսական հարաբերությունը կարեւորագույն նշանակություն ունեն մատչելի սակագներով բավարար եւ հուսալի էլեկտրաէներգիայի մատակարարումը պահպանելու համար»,- ասել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լորա Բեյլին: Ծրագիրը կապահովի արդյունքային չորս ուղղություն՝ կդադարեցվի էլեկտրաէներգիա արտադրող պետական ընկերությունների դրամական միջոցների արտահոսքը հիմնական գործունեությանը չառնչվող ուղղություններով, կնվազեցվեն թանկ առեւտրային վարկերը եւ դեբիտորական պարտքերը եւ կվճարվի բնական գազի դիմաց Երեւանի ՋԷԿ-ի կրեդիտորական պարտքը, կսահմանվեն էլեկտրաէներգիայի մատակարարման արժեքի փոփոխություններն արտացոլող սակագներ եւ կպահպանվի Երեւանի ՋԷԿ-ի՝ համակցված շոգեգազային ցիկլով (ՀՇԳՑ) կայանի գազատուրբինի արտադրական հզորությունը:«Ծրագրի շահառուները երկրի բոլոր էլեկտրաէներգիա սպառողներն են, ինչպես նաեւ արտադրող պետական ընկերությունները եւ էլեկտրաէներգիայի բաշխիչ մասնավոր ընկերությունը: ՀԱԷԿ-ի եւ Երեւանի ՋԷԿ-ի, ինչպես նաեւ ՀէՑ-ի ֆինանսական առողջությունը կապահովի բավարար միջոցներ՝ էլեկտրաէներգիայի մատակարարման հուսալիության համար պահանջվող պահպանման եւ նոր ներդրումների ուղղությամբ անհրաժեշտ ծախսերի մի մասի համար: Ավելին, ցանցին միացած 140 000 տնտեսվարողներ եւ այլ իրավաբանական անձինք եւս կշահեն, քանի որ ծրագիրը կօգնի հուսալի կերպով էլեկտրաէներգիայի նրանց պահանջարկի լիարժեք ապահովմանը»,- ասել է ՀԲ ծրագրի ղեկավար Արթուր Կոչնակյանը:Վարկը կտրամադրվի 14.5 տարի արտոնյալ եւ 25 տարի ընդհանուր մարման ժամկետով: Tweet Դիտում՝ 16767