ԼՀՂ վարչապետ Արայիկ Հարությունյանը Մարտակերտ քաղաքում անցկացրել է խորհրդակցություն՝ նվիրված ապրիլի 2-5-ը թշնամու արկակոծության հետեւանքով շրջկենտրոնում առաջացած խնդիրների լուծմանը:Ինչպես հաղորդում են ԼՂՀ կառավարության մամուլի ծառայությունից, Արայիկ Հարությունյանը նշել է, որ կառավարության կողմից արդեն ինտենսիվ աշխատանքներ են սկսվել, եւ օրեր անց Մարտակերտ քաղաքում հիմնականում վերականգնված կլինեն բնակիչների կրած վնասները, իսկ կենցաղային գույքի եւ տեխնիկայի մասով կտրվեն համապատասխան փոխհատուցումներ:«Մարտակերտը պետք է կարճ ժամանակում վերադառնա իր նախկին կյանքին, եւ դրա համար մենք ջանք ու եռանդ չենք խնայելու: Այդ կապակցությամբ ուզում եմ կոչ անել Մարտակերտի մեր բոլոր հայրենակիցներին անցնել իրենց բնականոն կյանքին: Հավատացնում եմ, որ սահմաններն ամուր են, եւ մեր բանակի հասցրած հարվածից թշնամին դեռ երկար ժամանակ ուշքի չի գալու»,- ասել է ԼՂՀ վարչապետը:Արայիկ Հարությունյանն այցելել է նաեւ Մարտակերտի բուժմիավորում, հանդիպել բուժանձնակազմի հետ, ծանոթացել իրականացվող աշխատանքներին եւ շնորհակալություն հայտնել անձնակազմին՝ ռազմական գործողությունների ժամանակ ցուցաբերած անձնվիրության համար:ԼՂՀ վարչապետը եղել է հյուսիսային թեւում տեղակայված դիրքերից մեկում:Արայիկ Հարությունյանը այցելել է նաեւ «Բեյզ Մեթալս» ընկերության կողմից շահագործվող Կաշենի հանքավայր:«Ուրախ եմ, որ անկախ վերջին օրերի լարված իրավիճակից՝ այս մեծ ձեռնարկությունը շարունակել է իր աշխատանքը՝ երաշխավորելով տնտեսության բնականոն առաջընթացը: Մեր տնտեսությունը պետք է աշխատի, եւ ոչինչ չի կարող խանգարել Արցախի զարգացմանը»,- ասել է Արցախի վարչապետը: Tweet Դիտում՝ 22876