Իրանի նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրին ասել է, որ պատժամիջոցների չեղարկումը եւ բանկային հարցերի կարգավորումը Իրանի եւ Հայաստանի բանկային համագործակցությունների համար նոր հնարավորություն են ստեղծում, եւ հետշրջափակումային փուլում հնարավոր է բարձրացնել երկկողմ հարաբերությունների մակարդակը:Ինչպես հաղորդում են ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունից, այս մասին Էսհաղ Ջահանգիրին նշել է հունվարի 20-ին Թեհրանում ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարար Գագիկ Բեգլարյանի հետ հանդիպմանը: Էսհաղ Ջահանգիրին ընդգծել է, որ Իրանի դեմ կիրառված պատժամիջոցների շրջանում էլ Իրանը դրական ու կառուցողական կապեր է ունեցել Հայաստանի հետ:Նա ողջունել է Գագիկ Բեգլարյանի այցի ընթացքում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները եւ նշել, որ ամեն կերպ աջակցելու է դրանց իրագործմանը, հետամուտ է լինելու, որպեսզի դրանք հասնեն իրենց տրամաբանական ավարտին եւ գործնական կիրառում ստանան։«Երեւանի հետ հարաբերությունների մակարդակի բարձրացման համար Թեհրանը որեւէ սահմանափակում չունի։ Իրանի ու Հայաստանի միջեւ հարաբերությունները միշտ էլ լավ ու բարեկամական են եղել: Երկու երկրների միջեւ հին ժամանակներից սկսած՝ պատմական ու բարի դրացիական կապեր են հաստատված եղել»,- ասել է նա:Գագիկ Բեգլարյանն էլ նշել է, որ Իրանի հետ համագործակցությունների համակողմանի ընդլայնումը հատուկ նշանակություն ունի Հայաստանի համար։Անդրադառնալով տրանսպորտային ոլորտում երկու երկրների համատեղ նախագծերին՝ Գագիկ Բեգլարյանը նշել է, որ Հայաստանը ցանկանում է նախագծերի գործադրման համար օգտվել Իրանի ընկերությունների ու կապալառուների կարողություններից, քանի որ նրանք նման նախագծերի իրագործման մեծ փորձ ունեն: Tweet Դիտում՝ 3323