Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում այսօր բացվել է Գյուղատնտեսական եւ անասնաբուժական սպասարկման կենտրոնը: Հայաստանում ԱՄՆ դեսպանության տարածած հաղորդագրության համաձայն՝ կենտրոնի բացմանը մասնակցել են ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը եւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը: Այս միջոցառմամբ Հայաստանում մեկնարկել է ԱՄՆ դեսպանության միամսյակը՝ նվիրված գյուղի ու գյուղատնտեսության զարգացման հարցերին:«ԱՄՆ կառավարությունը պատրաստ է Հայաստանի հետ գործակցել բոլոր ոլորտներում, իսկ գյուղատնտեսությունը երկրի կենսական նշանակության կարեւորագույն ոլորտներից մեկն է: Դեսպանությունը, հիմնականում ԱՄՆ ՄԶԳ ծրագրերի միջոցով աշխատում է ֆերմերային գործունեությամբ ու անասնապահությամբ զբաղվողների հետ՝ ապահովելու նրանց այնպիսի միջոցներով ու գործիքներով, որոնք թույլ կտան մրցունակ լինել տեղական ու տարածաշրջանային գյուղատնտեսական շուկաներում ու ծաղկում ապրել»,- ասել է ԱՄՆ դեսպանը:Նախատեսվում է, որ կենտրոնը կսպասարկի Գեղարքունիքի մարզի 7 համայնքների 2000-ից ավելի ֆերմերների։ «Այս կենտրոնի միջոցով ձեռք բերած գիտելիքները, հուսով ենք՝ թույլ կտան բարելավել ֆերմերների մասնագիտական հմտությունները, կատարելագործել եւ առավել հեռանկարային դարձնել նրանց գործունեությունը»,- հավելել է Ռիչարդ Միլսը: Tweet Դիտում՝ 3391