«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) եւ «Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» (ՓՄՁ ԶԱԿ) հիմնադրամների միջեւ այսօր փոխըմբռնման եւ համագործակցության մասին հուշագիր է ստորագրվել, որի նպատակը Տաթեւում եւ Դիլիջանում, ինչպես նաեւ հարակից համայնքներում ձեռնարկատիրության խթանմանն աջակցությունն է:IDeA-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ հուշագրով կողմերը պատրաստակամություն են հայտնում համագործակցել «Սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցության» ծրագրի շրջանակում, ինչը վերոնշյալ տարածաշրջաններում փոքր ձեռնարկատիրության զարգացման համար համապարփակ աջակցություն է նախատեսում:«IDeA հիմնադրամը թե՛ Տաթեւում, թե՛ Դիլիջանում զարգացման ծրագրեր է իրականացնում, եւ դրանց շրջանակում մեծ ուշադրություն է դարձվում նաեւ փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման խնդիրներին։ «Տաթեւի վերածնունդ» ծրագիրը եւ դրա շրջանակում «Տաթեւեր» ճոպանուղու կառուցումը նկատելի աշխուժացրին այդ տարածաշրջանում զբոսաշրջային հոսքերը։ Ներկայումս մենք փորձում ենք աջակցել համայնքերում B&B դասի հյուրատների զարգացմանը, եւ ուրախ ենք այս գործում համագործակցել Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի հետ»,- ասել է IDeA-ի գլխավոր տնօրեն Արմեն Գեւորգյանը:Նրա խոսքով՝ տեղի ձեռներեցների համար կարեւոր են ոչ միայն վարկային միջոցների ստացումը, այլեւ մասնագիտական խորհրդատվությունը՝ հետագա գործունեությունը ճիշտ կազմակերպելու համար:«Համոզված եմ, որ մեր համատեղ աշխատանքն էական արդյունքներ կարձանագրի եւ կնպաստի նոր աշխատատեղերի ստեղծմանն ու տեղական բնակչության կենսամակարդակի բարձրացմանը»,- նշել է Արմեն Գեւորգյանը։ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամի գործադիր տնօրեն Գեղամ Պետրոսյանը նույնպես կարեւորել է փաստաթղթի ստորագրումը:«Տաթեւը եւ Դիլիջանը՝ որպես Հայաստանի զբոսաշրջային ամենաթեժ կետեր, ունեն նոր ենթակառուցվածքների, նոր հյուրատների եւ զբոսաշրջիկների սպասարկման այլ բիզնեսների կարիք: Դա են ցույց տվել Տավուշում եւ Սյունիքում մեր իրականացրած ուսումնասիրությունները»,- ասել է Գեղամ Պետրոսյանը:Նա նշել է, որ Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը, պետական աջակցության ծրագրերի շրջանակում եւ միջազգային գործընկերների հետ համատեղ, արդեն աջակցություն է ցուցաբերում նշված տարածաշրջանների սկսնակ գործարարներին, հատկապես՝ նրանց, ովքեր ցանկացել են հիմնել նոր հյուրատուն կամ զարգացնել արդեն ունեցածը:«Հատուկ շեշտելով IDeA-ի անուրանալի ներդրումը Տաթեւի եւ Դիլիջանի զարգացման գործում, մեզ համար նույնպես կարեւոր է միավորել այդ ուղղությամբ գործադրվող ջանքերը՝ դրանցից սպասվող արդյունքը կրկնապատկելու ակնկալիքով»,- հավելել է նա: Tweet Դիտում՝ 22191